Նոր գեղաթերթիկ՝ նվիրված Անրի Վեռնոյի ծննդյան 100-ամյակին

«Հայփոստը» շրջանառության է դնում մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Անրի Վեռնոյի ծննդյան 100-ամյակը» թեմային:
«Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է ֆրանսիացի հայազգի կինոռեժիսոր, գրող, Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ Անրի Վեռնոյի (Աշոտ Մալաքյան, 1920-2002թթ.) դիմապատկերը:
Գեղաթերթիկի վրա ներկայացված են հատվածներ Վեռնոյի գեղարվեստական ֆիլմերի պաստառներից»,–նշված է հաղորդագրության մեջ։ Նշենք, որ գեղաթերթիկի դիզայնի հեղինակը Վահագն Մկրտչյանն է։
Գեղաթերթիկը 40 000 տպաքանակով է թողարկվել։

Ծնված լինելով 1920թ. Թուրքիայում, Աշոտ Մալաքյան անվամբ՝ Անրի Վեռնոյը ֆրանսիացի հռչակավոր կինոռեժիսոր էր, ով առաջադրվել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենի» եւ կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի Օսկար մրցանակներին եւ պարգեւատրվել է վերջինիս ֆրանսիական համարժեքով՝ «Սեզար» մրցանակով իր ամբողջ կյանքի ընթացքում կինոյում ունեցած ներդրման համար։
Վեռնոյն աշխատել է իր օրերի լավագույն դերասաններից շատերի հետ, ներառյալ՝ Էնթոնի Քուինը, Յուլ Բրիները, Հենրի Ֆոնդան, Ժան Գաբենը եւ Շառլ Բրոնսոնը։ Կինոկարիերան ավարտել է «Մայրիկ» եւ «588 Պարադի փողոց» ֆիլմերով, որոնցում խաղացել է աշխարահռչակ Օմար Շարիֆը։ Դրանք երկուսն էլ անդրադարձ են դեպի իր մանկության տարիները, իսկ «Մայրիկը» համարվում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ լիամետրաժ ֆիլմերից լավագույնն աշխարհում։