Քանյե Ուեսթը հերքել է, թե հանրապետականները նախագահական ընտրություններում թեկնածություն առաջադրելու համար վճարում են իրեն

Ամերիկացի ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը հերքել է հայտարարություններն այն մասին, թե Հանրապետական կուսակցության անդամներն առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու համար վճարում են իրեն՝ պնդելով, որ նա «ավելի շատ փող ունի, քան Թրամփը», գրում է Daily Mail-ը։

Ուեսթն օրերս եղել է ամերիկացի կատակերգու, ռեփեր և հեռուստահաղորդավար Նիկ Քենոնի Cannon’s Class հեռուստառադիոծրագրի հյուրը, որի ժամանակ հաղորդավարը հարցրել է Թրամփի կուսակցության և նրա միջև առկա «դավադրության» վերաբերյալ խոսակցությունների մասին, որոնց համաձայն՝ Քանյեն նախագահական ընտրություններում իր մասնակցությամբ ցանկանում է ընտրողներին շեղել Թրամփի մրցակից դեմոկրատ Ջո Բայդենից։

«Մարդիկ ասում են՝ դու և հանրապետականները դավադրություն եք կազմակերպել»,- խոստովանել է Քանյեն՝ հավելելով. «Ոչ ոք չի կարող ինձ վճարել։ Ես ավելի շատ փող ունեմ, քան Թրամփը»։

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Forbes ամսագրին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք իր թեկնածությամբ վերջինս փորձում է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենից «խլել» աֆրոամերիկացիների ձայները և օգուտ բերել Սպիտակ տան գործող ղեկավար Դոնալդ Թրամփին, Ուեսթը պատասխանել էր․ «Չեմ ժխտում»։