Մարիոն Կոտիարը Harper’s Bazaar-ի հետ կիսվել է «կորոնավիրուսային» մտորումներով (լուսանկարներ)

Ֆրանսիացի հայտնի դերասանուհի Մարիոն Կոտիարը Harper’s Bazaar ամսագրին տված հարցազրույցում խոսել է կորոնավիրուսային համավարակի և այս ամիսների ընթացքում իր մտորումների մասին։

44-ամյա դերասանուհու խոսքով՝ համավարակի ու ինքնամեկուսացման այս ամիսները «շատ հետաքրքիր էին այն առումով, որ ինքը հանգստություն է գտել»։

«Ես ինձ իսկապես մոտ էի զգում ամբողջ աշխարհին, և կարծում եմ՝ շատ մարդիկ նույն զգացողությունն ունեին։ Չկար ինչ-որ կարևոր բան բաց թողնելու վախը։ Ես նաև խորհեցի աշխարհի, հասարակությունում և շրջակա միջավայրում տեղի ունեցող իրադարձությունների մասին»,- ասել է դերասանուհին։

Խոսելով հունվարին որպես Geenpeace-ի դեսպան Անտարկտիկայում ճանապարհորդության մասին՝ դերասանուհին ասել է, որ այն «իր կյանքում տեսած ամենագեղեցիկ վայրերից մեկն էր»։

«Բայց մենք տեսանք, որ պինգվինների պոպուլյացիան նվազում է, իսկ պլաստիկը հասել է այնտեղ, որտեղ մարդը ոտք չի դրել, այնպես որ դա շատ տագնապալի էր»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ մայիսին Մարիոն Կոտիարն ու նրա ամուսինը` ռեժիսոր և դերասան Գիոմ Կանեն,  վարակվել էին կորոնավիրուսով։ «Տաքսի», «Ներգաղթյալը» և այլ ֆիլմերի աստղի ու նրա 47-ամյա ամուսնու մոտ հիվանդությունը թեթև էր անցել: