Երևանում նշվում է Մոսկվայի տարեդարձը. մի շարք հայտնիներ շնորհավորել են մայրաքաղաքի տոնը (տեսանյութ)

Երևանում նշվում է Մոսկվայի տարեդարձը Գարիկ Մարտիրոսյանը, Օլեգ Պոգուդինը, Մարիամ Մեհրաբովան, Մարգարիտա Պոզոյանը և մի շարք հայտնիներ շնորհավորել են մայրաքաղաքի տոնը (տեսանյութ)
Մոսկվան նշում է ծննդյան 873-ամյակը: Ռուսաստանի մայրաքաղաքի տոնը «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին է, որ նշվում է նաև  Երևանում։ Այս տարի, համավարակով պայմանավորված, տոնական միջոցառումները կլինեն օնլայն ֆորմատով։
Եռօրյա տոնական միջոցառումները մեկնարկում են սեպտեմբերի 4-ին Ազգային պատկերասրահի ռուսական ավանգարդ ցուցասրահում տեսաէքսկուրսիայով։ Հիմնական միջոցառումները նախատեսված են սեպտեմբերի 5-ին և 6-ին։
Մարիամ Մեհրաբովա, Մարգարիտա Պոզոյան, Օլեգ Պոգուդին, Սոնա, Հայկո, Էրիկ Կարապետյան, Անգելինա Կապլան, Ալլա Լևոնյան և շատ այլ հայտնիներ կներկայացնեն կատարումներ նվիրված Երևանին և Մոսկվային։ Կհնչեն երկու մայրաքաղաքներին նվիրված ստեղծագործություններ։

Նախատեսվում է նաև մանկական համերգային ծրագիր, որտեղ կատարումներով հանդես կգան Նաիրա Գյուրջինյանի անսամբլը,  Բորիս և Անահիտ Ադամյանները, Արսեն Գրիգորյանի ստուդիայի փոքրիկները, Միշել Գրիգ (Միշա), Էռնա Միր ու էլի շատերը։
Տոնական մյուս համերգը նվիրված է խորհրդային ֆիլմերից արդեն հարազատ դարձած մեղեդիներին։  «Արտսինեմա» անսամբլը կկատարի «Ճանապարհ դեպի կրկես», «Ծառայողական սիրավեպ», «Ճակատագրի հեգնանքը» «Հարսնացուն հյուսիսց» և այլ սիրելի դարձած ֆիլմերի երգերը։
Միջոցառումները կարող եք դիտել «Դոմ Մոսկվի» կենտրոնի ֆեյսբուքյան էջում և պաշտոնական կայքէջում։

«Մոսկվային ու Երևանին միավորում է բազմադարյա եղբայրական, գործընկերային հարաբերությունների պատմությունը, հոգևոր մտերմությունը, միմյանց ավանդույթների ու սովորույթների նկատմամբ անկեղծ հետաքրքրությունը: Այսօր նույնպես երկու երկրները շարունակում են զարգացնլ ու ամրապնդել բազմակողմանի գործընկերային hարաբերությունները: Այս գործակցության շրջանակում կարևոր է նաև «Դոմ Մոսկվի»  կենտրոնի դերը, որը  նպաստում է մշակութային, դաստիարակչական, գործարար, հումանիտար կապերի զարգացմանը մեր երկրների մայրաքաղաքների միջև,  աջակցում է ռուսաց լեզվի մասսայականացմանը, զարգացնում երկու քաղաքների ու պետությունների միջև զբոսաշրջությունը։ Վստահ եմ, որ նման միջոցառումները կնպաստեն մշակութային երկխոսության զարգացմանը` դառնալով ռուս և հայ ժողովուրդների դարավոր բարեկամության հերթական վառ ապացույցը», -նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Գարիկ Մարտիրոսյանը, Կարեն Ավանեսյանը, Իլոնա Բրոնիվիցկայան ու էլի շատ հայտնիներ տեսաուղերձով շնորհավորել են մայրաքաղաքի տոնը և կարևորել Երևանում տոնական միջոցառումների անցկացումը։

«Որպես մարդ, որն ապրել և մեծացել է Երևանում, առանձնահատուկ հպարտ եմ,  որ իմ հարազատ քաղաքը, «Դոմ Մոսկվի» կենտրոնի նախաձեռնությամբ նշում է չքնաղ Մոսկվայի ծնունդը։ Մոսկվան ինձ համար դարձել է երկրորդ տուն, երկար տարիներ ապրում ու աշխատում եմ այստեղ։ Ուրախալի է, որ նույնիսկ օնլայն ֆորմատով հավաքվեցինք այս գեղեցիկ միջոցառումների շուրջ, որոնք էլ ավելի են ամրացնում հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը», – նշում է հումորիստ, հաղորդավոր Գարիկ Մարտիրոսյանը։
«Ինձ համար Մոսկվան և Երևանը հարազատ քաղաքներ են, որոնք շատ նման են իրար։ Քայլում ես Երևանում, կարծես Մոսկվան է՝ Պուշկինի փողոց,  Սախարովի հրապարակ, Մոսկվա կինոթատրոն, քայլում ես Մոսկվայում, քեզ զգում ես, ինչպես Երևանում՝  Հայկական նրբանցք,  Հայաստան խանութ, շատ ուրախ եմ, որ մի Հայաստանում նշվում է Մոսկվայի օրը»,- պատմում  է հումորիստ Կարեն Ավանեսյանը։

Օնլայն միջոցառումներից բացի Մոսկվայի օրվա շրջանակում Հայաստանի շախմատի ակադեմիայի և Մոսկվայի շախմատի ֆեդերացիայի գործակցությամբ անցկացվում են  նաև շախմատի և շաշկու մրցաշարեր՝ Հայաստանի շաշկու ֆեդերացիայի հետ։Մոսկվայի տոնի շրջանակում Երևանին Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում նախատեսվում է Ռուսական կենտրոնի բացում և հայկական դպրոցների ռուսական դասա­րաններին դասագրքերի փոխանցում:
Բոլոր տոնական միջոցառումները անց են կացվում Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի և «Միջազգային համագործակցության Մոսկովյան կենտրոն» պետական ունիտար ձեռնարկության նախաձեռնությամբ և ՀՀ-ում ՌԴ դեսպանության ու Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։