Եֆրեմովն ընդունել է իր մեղքը մահվան ելքով ՃՏՊ-ում

Հայտնի ռուս դերասան Միխայիլ Եֆրեմովն ընդունել է մեղքը մահացու ելքով ՃՏՊ-ում։ Այդ մասին հայտնել է դատարանի մամուլի ծառայությունը, գում է «Վեդոմոստին»։

«Դատապրոցեսի սկզբում Եֆրեմովն ասել է, որ խոստովանում է մեղքը»,- ասել են դատարանի մամուլի ծառայությունում։

Այդ մասին Եֆրեմովը հայտարարել է կողմերի ելույթներից առաջ, մանրամասներ չներկայացնելով։

Պետական մեղադրության ներկայացուցիչը դերասանի մեղքն ապացուցված է համարել տեսանյութերի, փորձաքննությունների, վկաների ցուցմունքների և այլ ապացույցների հիման վրա։ Եֆրեմովին 5-12 տարի ազատազրկում է սպառնում:

Դատախազը Եֆրեմովի համար 11 տարվա ազատազրկում է պահանջել։

Ավելի վաղ Եֆրեմովը հայտարարել էր, թե խոստովանել է մեղքը ճնշման և խումհարի ազդեցության տակ։ Ըստ նրա՝ տեսագրությունը, որտեղ նա վթարից հետո խոստովանում է, որ ինքն է վարել մեքենան, «մոնտաժված էր»։

Գործով վկա Իլյա Բաբիկովը պատմել է, որ ընկերոջ հետ դուրս է բերել Եֆրեմովին վարորդի նստատեղից ՃՏՊ-ից անմիջապես հետո։ Մեկ այլ վկա՝ Թևան Բադասյանը հայտարարել է, որ վթարից առաջ մեքենա է նստել «բեյսբոլի գլխարկով բարձրահասակ մի մարդ»։ Ինքը Եֆրեմովը հնարավոր էր համարել, որ կարող էր և չլինել ղեկի մոտ վթարի պահին։ Եվս մեկ վկա ցուցմունք էր տվել, որ վթարի պահին Եֆրեմովն ուղևորի նստատեղին է եղել նստած։

Ըստ քննության՝ հունիսի 8-ին Եֆրեմովը, ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ վարել է Jeep Grand Cherokee ավտոմեքենան և Մոսկվայի Սմոլենսկի հրապարակում բախվել է Lada ավտոֆուրգոնի հետ, որի հետևանքով ֆուրգոնի վարորդ Սերգեյ Զախարովը հիվանդանմոցում մահացել է։