Դատարանը Եֆրեմովին 8 տարվա ազատազրկման է դատապարտել

Մոսկվայի Պրեսենսկի դատարանը դերասան Միխայիլ Եֆրեմովին ութ տարվա ազատազրկման է դատապարտել՝ նրան մեղավոր ճանաչելով մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի համար, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Աղբյուրը մանրամասնում է, որ զոհվածի որդու հայցով՝ դատարանը Եֆրեմովից նաև 800 000 ռուբլու չափով գումար է գանձել։ Դերասանը նաև երեք տարով զրկվել է վարորդական իրավունքից։

Դաշնային խորհրդի Կրթության, գիտության և մշակույթի հարցերով հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Վայնյբերգն այս առնչությամբ հայտարարել է, որ մահացու պատահարում իր մեղքը չընդունելով՝ Եֆրեմովն իրեն զրկել է դատավորի «գթասրտությունից», իսկ դատավճիռը նա անվանել է «նվազագույն ժամկետի և դատախազի հայցի միջև ինչ-որ բան»։

«Եֆրեմովի փոխարեն դատավճիռը չէի բողոքարկի, քանի որ նա այդ բարդ, խճճված ճանապարհով գնալով արդեն իսկ սխալ է գործել։ Ամեն բանից կեղծիք էր թափում»,- նշել է խորհրդարանականը և հավելել, որ գուցե դատավորը որոշակի չափով ընդառաջեր Եֆրեմովին, եթե նա իրապես զղջար կատարվածի համար։

Նշվում է, որ Եֆրեմովի փաստաբան Էլման Փաշաևը հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել դատավճիռը։