Ինչո՞ւ է ամուսինը թաքցնում երեխային․պատմում է DJ Վակցինան

Արուսիկ Մկրտչյանը, նույն ինքը` դիջեյ Վակցինան, ժամեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ դիմելով լրագրողների օգնությանը: Նա խնդրել էր անդրադառնալ խնդրին, որ «հնարավորինս շուտ կարողանա երեխային վերադարձնել ու պատշաճ խնամք կազմակերպել»:
Նա հայտնել էր, որ իր որդու հայրը՝ Ռուբեն Խաչատրյանը, արդեն 3 օր է, ինչ երեխային պահում է իր մոտ, չի պատասխանում զանգերին և չի թողնում երեխայի հետ կապ հաստատել: Արուսիկը հատուկ նշել էր նաև, որ տեղեկացել է՝ որդու առողջական վիճակը վատ է, ինչն ավելի է լարում իրավիճակը։

Shwobiz.am  կայքի հետ զրույցում Վակցինան ասաց, որ իր խնդրի հրապարակումից հետո դեռ ոչ մի բան չի փոխվել․ «Ոչ մի նորություն չունեմ։ Ինքն իր էջում մանիպուլիացիոն տեքստ է գրել՝ ներկայացնելով, որ կատարվածը նորմալ է ու ասելով, որ եթե երեխան վատ լինի, նոր նա կբերի նրան ինձ մոտ։ Այսինքն՝ սպասում ենք ծայրահեղ վիճակի հասնի։ Եթե այդ ամեն ինչը դնենք մի կողմ ու եթե անգամ երեխան ֆիզիկապես առողջ է, այնուամենայնիվ, ես 3 օրից ավել է՝ գաղափար չունեմ երեխաս որտե՞ղ է, ինչպե՞ս է։
Մենք երեխայի առողջական խնդրի հետ կապված երեկ պետք է գնայինք բուժզննման, բայց չկարողացանք։ Ինքը, օգտագործելով երեխային, պատերազմ է հայտարարել։ Այստեղ ամենավատն այն է, որ այդ ամենը չի ելնում երեխայի շահերից, չնայած ինքն ամեն կերպ ուզում է ներկայացնել, որ երեխան լավ վիճակում է։ Առաջ գոնե կարողանում էի խոսել նրա հետ։ Հիմա նա ամեն ինչ ցանկանում է  անել, որպեսզի երեխան լարվի իմ նկատմամբ, այսինքն՝ ազդում  է նաև նրա հոգեվիճակի վրա»,- պատմում է դիջեյը։

Վակցինան նշում է, որ դիմել է ոստիկանություն, բայց ապարդյուն՝ համապատասխան հոդված չկա ըստ որի կարելի է իրավական պատասխանատվության ենթարկել Ռուբենին։

«Որոշակի օրենքների բացեր կան, ինչի պատճառով չեմ կարող դիմել ոստիկանություն, որովհետև երեխայի բնակության վայրը հստակ որոշված չի։ Եվ հայրն օգտվում է այդ իրավունքից։ Նույն կերպ ես էլ կարող էի ինձ պահել՝ թույլ չտալով տեսակցել երեխային, բայց ես նման ստոր քայլեր չեմ արել, որովհետև հասկացել եմ, որ երեխան ունի երկու ծնող։ Շատ դեպքեր են եղել, որ երեխան վատառողջ է վերադարձել նրա տանից, և հիմա էլ մտավախություն ունեմ, որ երեխայիս առողջությանը վտանգ է սպառնում։ Եթե վերցնենք այն փաստը, որ երեխայի հիմնական խնամքով միայն ես եմ զբաղվում, և ինքը հիմնականում կապված է ինձ հետ, ապա նրան կտրել ինձնից օրեր շարունակ ու խոչընդոտել մեր շփմանը՝ մարդկայնորեն ճիշտ չէ»,- բացատրոմ է նա։։

Համացանցում քննարկվում են կարծիքներ, որ գուցե նախկին ամուսինների միջև որևէ խնդիր կամ անհամաձայնություն է առաջացել, ինչն էլ Ռուբենին ստիպել է դիմել նման  քայլի, սակայն Վակցինան հավատացրեց, որ նախկին ամուսնու քայլերին ոչինչ չի նպաստել։
«Ոչ մի բան չի նպաստել, որ նման քայլի դիմի։ Ուղղակի, երբ զրույցի ընթացքում իմացա, որ երեխան վատառողջ է, խնդրեցի նրան տուն բերել, ինչից հետո նա սկսեց դիմել նման քայլերի»,-հավատացնում է նա։

Վակցինան նշում է, որ այժմ ստանում է տասնյակ հեռախոսազանգեր, սակայն չի կարողանում դրանց պատասխանել, քանզի մյուս որդու հետ է, ով եթե լսի այդ ամենի մասին, սթրես կապրի։ Նա նաև պնդում է, որ իրավիճակին ցանկացել են միջամտել իր և նախկին ամուսնու մտերիմներն ու ծանոթները, սակայն ապարդյուն։
«Մտերիմները չեն կարողնաում միջամտել։ Եթե փորձում են, նա նույն ձևով փորձում է մանիպուլացնել նաև բարեկամներին։ Հիմա նա փորձում է մանիպուլիացիայի ենթարկել, օգտագործելով մեդիային, ասելով որ այս ամենը նորմալ է ու ես առաջ եմ տանում միայն իմ սեփական ամբիցիաները, այնինչ խոսքը գնում է  երեխայի հոգեկան առողջության մասին»,- եզրափակում է իր խոսքը Վակցինան։

Նշենք, որ իր ֆեսյբուքյան էջում երեխայի հայրը՝ Ռուբեն Խաչատրյանը, անդրադարձել է կատարվածին՝ գրելով․ «Գոյություն չունեցող պարսավանքին չեմ արձագանքում, հերյուրանքն անտեսելու կարողություն ձևավորել եմ վաղուց: Եթե շրջանառվող լուրերը իրականության հետ գոնե որևէ աղերս ունենային, հարցը տեղափոխված կլիներ իրավական հարթակ, ներկայացվող դեպքին պատշաճ արձագանք կլիներ գոնե ոստիկանության կողմից: Եթե իրավապահ մարմինները որևէ խնդիր չեն տեսել երեխայի՝ սեփական հոր հետ ժամանակ անցկացնելու մեջ, ուրեմն ցանկացած մեկնաբանություն, հատկապես իրողության հետ կապ չունեցող, պարսավանք է»: Ռուբեն Խաչատրյանն անդրադարձել է նաեւ երեխայի ինքնազգացողությանը՝ հայտնելով, որ որդին լիարժեք առողջ է։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան