Ամենաանսպասելի հանգուցալուծմամբ հեռուստասերիալները՝ աշնանային երեկոները հետաքրքրացնելու համար

Անկում
«X files» հանրահայտ սերիալից հայտնի Ջիլիան Անդերսոնն այստեղ էլ խաղում է դետեկտիվի դեր: Սթելլա Գիբսոն անունով դետեկտիվը Բելֆասթ է մեկնում հետախուզության: Այստեղ սերիական մարդասպանը սպառնում է անտանելի դարձնել տեղի բնակչության կյանքը: Բոլորն ահաբեկված են և վախենում են իրենց կյանքի համար: Նրանց վերջին հույսը Սթելլան է…

Խենթերը
ԱՄՆ, 1960-70-ականներ, գովազդային բիզնես, քոփիրայթինգ, սիգարետ, ալկոհոլ, գեղեցիկ կյանք, գեղեցիկ ոճային կանայք և տղամարդիկ, Նյու Յորք, գործնական և նեղանձնական հարաբերություններ, խնդիրներ, հաղթանակներ և սեր ու ատելություն: Հրաշալի ֆիլմ ներշնչանքի և դրա բացակայության, հավատի, դժբախտության, անհոգիության և հոգեղենության մասին:
Դոն Դրեյփերը գովազդային ընկերության տնօրենն է: Նա մեծ հաջողությունների է հասել, ընտանիք ունի, երեխաներ, սիրուհիներ… բայց չունի երջանկության զգացողություն, ներքին հանգստություն: Ներսից մի բան նրան տանջում է, ինքն էլ տանջում է հարազատներին, սիրելիներին և կողքին գտնվող բոլոր մարդկանց: ֆիլմն անչափ գեղեցիկ է և ոճային:

Սրածայր իրեր
Գլխավոր հերոսուհին անհաջողակ լրագրող Կամիլան է, որն արդեն վաղուց է ինչ համակերպվել է իր անհետաքրքիր և միապաղաղ կյանքի հետ: Կամիլայի խմբագիրը, սակայն, շատ է սիրում նրան և ցանկանում է դուրս բերել  վերջինիս այդ ճահիճից:
Հերոսուհու ծննդավայրում՝ Միսսուրի նահանգում երիտասարդ աղջիկները տարօրինակ կերպով անհետանում են, իսկ ավելի ուշ նրանց մահացած են գտնում: Խմբագիրը հանձնարարում է Կամիլային վերադառնալ Միսսուրի և փորձել պարզել հանցագործությունների մանրամասները ու դրանք հիմք ընդունելով մի քանի աղմկահարույց նյութ գրել: Խմբագիրը կարծում է, որ միայն անցյալի հետ հաշիվներ մաքրելուց հետո Կամիլան կկարողանա լիարժեք կյանքով ապրել:

Քաղաքը և քաղաքը
Բրիտանացի գրող Չայնա Մեվիլի համանուն գրքի էկրանավորման դեպքերը զարգանում են մտացածին եվրոպական Բեժել քաղաքում, որտեղ մի երիտասարդ կնոջ դի է հայտնաբերվում: Սպանության հետաքննությունը վստահում են դետեկտիվ Տեոդոր Բորլին, որը վստահ է, որ հեշտությամբ գլուխ կհանի գործից: Սակայն գործի բերումով Բորլը ստիպված է լինում լքել Բեժելը և հաստատվել հարևան քաղաքում: Ժամանակի ընթացքում դետեկտիվը հասկանում է, որ շատ լուրջ դեպքի հետ գործ ունի:

Մտածել հանցագործի պես
Հարուստ գիտելիք ու փորձ ունեցող հետախույզների մի խումբ, որ զբաղվում է հանցագործների պրոֆիլները կազմելով, փորձում է կանգնեցնել հասարակության համար ամենավտանգավոր ու անգութ հանցագործներին: Նրանք բախվում են այնպիսի հանցագործների ու այնպիսի պատմությունների հետ, որ դժվար է հավատալ, որ աշխարհում իսկապես կան նման անհավանական դեպքեր: