«Հռադամիզդ» օպերան առաջին անգամ կբեմադրվի Գառնու հեթանոսական տաճարում. աշխատանքների մեկնարկը տրված է

Գերմանացի երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի «Հռադամիզդ» օպերայի առաջին՝ լոնդոնյան բեմադրման 300–ամյակը նշվում է այս տարի: Ըստ փաստերի՝ օպերայի լիբրետոյի պատմական գործողությունները տեղի են ունենում Գառնիի հեթանոսական տաճարում և հենց այս պատճառով «Մտավոր սեփականության պաշտպանության ասոցիացիայի» նախաձեռնությամբ օպերան կբեմադրվի տաճարում:

Օրերս Գառնու տաճարի տարածքում տեղի ունեցավ ստեղծագործության բեմադրման աշխատանքների մեկնարկի շնորհանդեսը։ Մամուլի ասուլիսի ընթացքում «Հռադամիստ» օպերայի գլխավոր պրոդյուսեր Գագիկ Մանասյանը նշեց, որ կարծիք կա, թե օպերան ինչ-որ տեղ նվաստացնում է հայերին, նա շեշտեց՝ նման բան գոյություն չունի:

«Օպերան գրված է հին իտալերենով և չեմ կարծում՝ շատ մարդիկ կգտնվեն, որոնք ծանոթ են լիբրետոյին, այս օպերան շատ գեղեցիկ ստեղծագործություն է, այս օպերաները լիրիկական բովանդակություն ունեն և այս օպերայում պատմականություն փնտրելն ավելորդ աշխատանք է: Սա երաժշտական ստեղծագործություն է: Այս օպերան երկու ժողովուրդների մասին է, Իբերիայի թագավոր Հռադամիզդ և հայոց թագավոր Տրդատի մասին է, որի ամառանոցում ենք մենք գտնվում այժմ, և օպերայի գործողություններն իրականում կատարվել են այս տաճարում»,- ասալ է Մանասյանը:

Նրա խոսքով՝ օպերան շատ գեղեցիկ վերջաբան ունի և ժողովուրդների պատմության նպատակն այն է, որ ցույց տա՝ սերը միշտ հաղթում է կյանքին: Մանասյանը նշանակալի է համարում այն, որ օպերան բեմադրվելու է երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի արվեստագետների համագործակցությամբ։ Նրա խոսքով՝ կարևոր է, որ համավարակի ընթացքում կարողանում են երեք երկրների արվեստագետների նպատակները մեկտեղել և հանրությանը ներկայացնել օպերան:

Օպերայի գլխավոր դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը նշեց, որ ամբողջ աշխարհում տարածված է այս օպերան, սակայն որևէ բեմադրություն չի կարող ունենալ այն խորհուրդը, որը կարող է հաղորդվել Գառնիի տաճարի միջոցով: «Շատերն արդեն հիացած են այս նախաձեռնությամբ  և վստահ եմ, որ տարբեր երկրներից կուզեն ավելի հասկանալ օպերան և հուսամ ժամանակը կգա, երբ նրանք կուզեն մեզ հետ լինել»,- նշել է Գագիկ Մանասյանը:

Ջորջ Փեհլիվանյանը նշեց, որ պետք է արդեն աշխատել և քննարկել այն, թե այս օպերան ինչպես պետք է ընդունվի հասարակության կողմից: Նա բացատրեց, որ կորոնավիրուսի պայմաններում շատ դժվար է նման գործընթացներն իրականացնելը, նախագիծը շատ երկար ճանապարհ է անցել մինչ այստեղ հասնելը, բայց հույս ունի, որ այն շատ կարևոր է լինելու:

Բեմադրման ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան վստահություն հայտնեց, որ օպերան այստեղ կընդունվի այնպես, ինչպես ամբողջ աշխարհում և շեշտեց, որ համավարակը չի կարող խանգարել աշխատանքներին, որոնց մեկնարկն արդեն տրված է. «Հրաշալի գաղափար է օպերան բեմադրել այնտեղ, որտեղ ըստ սցենարի՝ տեղի են ունենում իրադարձությունները: Սա բարդ աշխատություն  է, պատմությունը խճճված է, բայց այս երաժշտությունն իսկապես փառահեղ է»:

Օպերային երգիչ Բարսեղ Թումանյանն ընդգծեց, որ դժվարություններ կլինեն, սակայն երկմտություն կա այն հարցում, որ պետք է ներկայացումը մնայուն լինի, որովհետև նման բարոկկո օպերա հայկական օպերային հավաքածուում չկա: Նա վստահություն հայտնեց, որ օպերան այնպիսի ռեժիսոր է բեմադրում, որն օպերան ավելի հաճելի կդարձնի բոլորի համար: Նրա համար կարևոր է նաև այն, որ օպերան քննադատվի պատմականորեն, սակայն պետք է դժվարություններին պատրաստ լինել և մնայուն արժեք դարձնել այն, ինչին կարող է նաև աջակցել Կառավարությունը: