«Keeping Up With The Kardashians» իրապատում-շոուն փակվում է. Քիմը խոսել է որոշման մասին

14 տարի շարունակ հեռարձակվող, երկրպագուների սերը վայելող ու ինտրիգներով հարուստ «Keeping Up With The Kardashians» իրապատում-շոուն փակվում է: Այդ լուրն իր ինստագրամյան էջում հայտնել է շոուի գլխավոր աստղը` Քիմ Քարդաշյանը:

Քիմը արխիվային լուսանկար է հրապարակել ու դրանց կից գրել. «Մենք ծանր սրտով բարդ որոշում ենք կայացրել հրաժեշտ տալ «Keeping Up with the Kardashians» շոուին: Շատ շնորհակալ ենք մեր երկրպագուներին, որոնք այս տարիների ընթացքում դիտել են շոուն ու մեր կողքին էին վատ ժամանակներում, մեզ հետ կիսել են ուրախության ու արցունքների րոպեներ, վերապրել մեր հարաբերություններն ու երկրպագել երեխաներին: Օրհնված են այն հիանալի հիշողություններն ու մարդիկ, որոնց հետ վիճակվել է հանդիպել այս երկար ճանապարհին»: Նա հայտնել է, որ «Keeping Up with the Kardashians» շոուի վերջին եթերաշրջանը կթողարկվի 2021թ.-ի սկզբին։

«Առանց «Keeping Up with the Kardashians»-ի ես չէի լինի այնպիսին, ինչպիսին դարձել եմ այսօր: Ես շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս 14 տարվա ընթացքում դիտել են, աջակցել ինձ ու իմ ընտանիքին: Այս շոուն մեզ դարձրել է այնպիսին, ինչպիսին կանք, ու ես առհավետ պարտք եմ բոլոր նրանց, ովքեր դերակատարում են ունեցել մեր կարիերայի զարգացման գործում և ընդմիշտ փոխել մեր կյանքը: Սիրով ու շնորհակալությամբ, Քիմ»,- հրապարակումը եզրափակել է Քիմը: