Տավուշում կայացել է «Թիկունքը՝ մշակույթ» նախագծի հերթական միջոցառումը

Պանդեմիայի շրջանում առիթ ունեցել ենք քանիցս նշելու, որ պատերազմներն ու ճգնաժամերը երբեւէ չեն խանգարել մեր մշակութային կյանքի ընթացքին, օրինակ, 95-ամյա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը նույնիսկ 1941թ. հունիսի 22-ին՝ Հայրենական պատերազմի առաջին օրը, ելույթ է ունեցել, բայց այլ ծրագրով. հնչել են ռազմաշունչ երաժշտություն եւ հայրենասիրական երգեր՝ Լենինգրադից հրավիրված դիրիժոր Իսպիր Խարաջանյանի ղեկավարությամբ։ Այսօր էլ նվագախումբը, հարազատ մնալով տասնամյակներ առաջ որդեգրած աշխատաոճին, դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ սեպտեմբերի 7-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում ելույթ ունեցավ ընդարձակ ծրագրով։

Այս համերգով մեկնարկեց «Երեւանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային երաժշտական փառատոնը (գեղարվեստական ղեկավար՝ կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյան)։ Համերգը ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Թիկունքը՝ մշակույթ» նախագծի Տավուշի մարզում օգոստոսի 5-ին մեկնարկած հերթական միջոցառումն է։
«Թիկունքը՝ մշակույթ» նախագիծը, մեծ հաշվով, մշակութային պատասխանն է հուլիսի 12-ի կեսօրից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտման։ Կայացած համերգին ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ։