Որոնք են բշտիկների առաջացման հիմնական պատճառներն ու դրանց դեմ պայքարի միջոցները

Մաշկային խնդիրները բավական տարածված են, սակայն դրանց առաջացման պատճառները ոչ բոլորին են հայտնի: Մաշկավեներաբան Մարինա Ստորոժուկը ներկայացրել է մաշկային ցանի ու բշտիկների առաջացման հիմնական պատճառներն ու դրանց դեմ պայքարի միջոցները:

Մասնագետի խոսքով՝ դերմատոզը մաշկային քրոնիկ հիվանդությունը է, որը կարող է դրսևորվել մաշկային ցանի, բշտիկների ու կորյակների տեսքով: Այս հիվանդությունը կարող է բավական երկար ընթացք ունենալ ու պարբերաբար կրկնվել, իսկ դրանից ազատվելը երբեմն բավական բարդ է լինում:

Առավել հաճախ հիվանդությունը սրվում է արևայրուքի ֆոնին, ինչը պայմանավորված է նրանով, որ արևը բացասաբար է անդրադառնում մաշկի տեղային իմունիտետի վրա և խթանում է ճարպագեղձերի աշխատանքը, ինչը միայն էլ ավելի է վատթարացնում մաշկի վիճակը: Բացի այդ, մաշկային ցանի պատճառ կարող են հանդիսանալ նաև այնպիսի սովորությունները, ինչպիսին են ծխախոտի և ալկոհոլի գործածությունը, ինչպես նաև տաք ու կծու սնունդը: Այս գործոնները լայնացնում են անոթներն ու նպաստում են այտուցների և բորբոքումների առաջացմանը:

Սակայն դերմատոզը կարող է պայմանավորված լինել ոչ միայն արտաքին գործոններով, այլև որոշ հիվանդություններով, այդ թվում մարսողության համակարգի օրգանների հիվանդություններով, նյութափոխանակության խանգարումներով ու քրոնիկ վարակներով: Այս դեպքում բշտիկների առաջացման պատճառը հասկանալու համար մասնագետը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել ցանավորման հատվածին:

Եթե բշտիկներն ի հայտ են եկել ճակատի հատվածում, ապա ամենայն հավանականությամբ խնդիրը պայմանավորված է բարակ աղիների հիվանդություններով: Վերին շուրթին առաջացած բշտիկները հուշում են հաստ աղիքի հետ կապված խնդիրների մասին, իսկ հոնքերի միջև առաջացած ցանը՝ լյարդի հիվանդությունների: Տասներկումատնյա աղիքի հետ կապված խնդիրների դեպքում բշտիկներն առաջանում են քթին, իսկ ստամոքսի հիվանդությունները դրսևորվում են այտոսկրերին ու այտերին ի հայտ եկած բշտիկներով:

Դերմատոզի զարգացման հստակ պատճառը պարզելու համար հարկավոր է դիմել մասնագետին (թերապևտ, էնդոկրինոլոգ, գաստրոէնտերոլոգ կամ իմունոլոգ) և անհրաժաշտության դեպքում հանձնել համապատասխան անալիզերը: Խնդրի պատճառը պարզելուց հետո մասնագետը սովորաբար նշանակում է անհրաժեշտ բուժումը, ինչպես նաև սննդակարգ, որին հարկավոր է խստորեն հետևել:

Մասնագետն ընդգծում է, որ անկանոն սննդակարգը կարող է դառնալ մաշկի վիճակի վատթարացման պատճառ, ուստի օգտակար մթերքի գործածությունը շատ կարևոր է: Նման դեպքերում որպես կանոն թույլատրվում է ուտել խաշած կամ շոգեխաշած ձուկ, միս ու բանջարեղեն, ինչպես նաև հատիկեղեն, լոբազգիներ ու կաթնամթերք: Միևնույն ժամանակ խորհուրդ է տրվում մոռանալ գազավորված ըմպելիքների, տորթերի ու թխվածքների մասին՝ փոխարինելով դրանք ավելի օգտակար մթերքով: Հարկ է հիշել, որ անառողջ սննդակարգը կարող է դառնալ մաշկային ճարպի փոփոխության պատճառ, իսկ դրա կազմության կամ խտության փոփոխությունը կարող է հանգեցնել բշտիկների առաջացման, ուստի ճիշտ սննդակարգն առանցքային դեր է խաղում մաշկի բուժման հարցում: