«Խենթ, խենթ, խենթ»-ը վերադառնում է․ Վարդանի ու Ռաֆայելի համագործակցությունը, բեքսթեյջ կադրերն ու մանրամասները

Բոլորս էլ հիշում ենք Վարդան Սարգսյանի տարիներ առաջ հայտնի դարձած «Խենթ, խենթ, խենթ» երգը: Այն մինչ այսօր էլ համարվում է հայկական լավագույն հիթերից մեկը: Ժամանակին երգն իր տեղն է գտել նաև հայտնի ու սիրված «Կարգին հաղորդում» հումորային ծրագրի մանրապատումներից մեկում, որտեղ այն իրեն հատուկ հումորի զգացումով կատարել է դերասան Ռաֆայել Երանոսյանը:

Այժմ Վարդան Սարգսյանը և դերասան Ռաֆայել Երանոսյանը որոշել են վերաթողարկել այդ երգն ու արդեն ձայնագրել են դրա նոր, ձևափոխված տարբերակը, նկարահանել հումորային տեսահոլովակ ու պատրաստվում են այն շուտով ներկայացնել մարդկանց դատին։ Վարդան Սարգսյանը մեզ հետ զրույցի ընթացքում պատմել է, թե ինչպես է ծնվել միասին այդ երգը կատարելու գաղափարը, ինչպես են ընթացել նկարահանումները, բացահայտել մի քանի գաղտնիքներ և հայտնել այլ հետաքրքիր մանրամասներ: Showbiz.am-ը նաև ներկայացնում է նկարահանման բեքսթեյջ կադրերը:

«Նույնիսկ մինչև «Կարգին հաղորդման» այդ սքեթչի հայտնվելը, ես ու Ռաֆոն վաղուց ծանոթ էինք, շփվում էինք և այդ ժամանակ նա կրկնօրինակում էր տարբեր կերպարների՝ ամենաշատը երկու հոգու՝ ինձ և Մայքլ Ջեքսոնին (հեղ․ ծիծաղում է): Ու մեր ընկերական հավաքույթներին Ռաֆոն միշտ Ջեքսոնի հանրահայտ պարն էր պարում, իսկ հետո իմ «Խենթ, խենթ, խենթ»-ն էր կատարում։ Երբ նկարում էինք տեսահոլովակը, Ռաֆոն անգիր երգում էր, խոսքերն ինձնից լավ էր հիշում»,- ասում է Վարդան Սարգսյանը։

Պարզվում է, որ միասին դուետ կատարելու գաղափարը վաղուց կար, բայց սկզբում Վարդանին խանգարում էին բազմաթիվ աշխատանքային ճանապարհորդությունները, իսկ Ռաֆայելին՝ հյուրախաղերն ու զբաղվածությունը։ Բայց երբ նրանք վերջապես կարողացան հանդիպել ու քննարկել Վարդանի առաջարկը, ի հայտ եկավ մեկ այլ հանգամանք․ «Իմ ու Ռաֆոյի մոտ միտքը վաղուց կար, ես Ռաֆին առաջարկեցի, որ կարող ենք այդպիսի մի դուետ ունենալ։ Դեռ անցյալ տարվա վերջին մենք հանդիպեցինք, քննարկեցինք, գաղափարը նրան էլ շատ դուր եկավ, ու որոշեցինք կազմակերպել։ Իհարկե, հետո հայտնվեց այս չարաբաստիկ Covid-19-ը ու ամեն ինչ հետաձգվեց, բայց այժմ վերջապես կարողացանք նկարահանումներն իրականացնել։ Ի սկզբանե պլանավորված էր տեսահոլովակը Հայաստանից դուրս նկարել, որոշել էինք Շրի Լանկայում իրականացնել նկարահանումները, բայց կորոնավիրուսի պատճառով ճանապարհները փակվեցին ու այլևս սպասելու ժամանակ չկար․ այդպիսով՝ որոշեցինք Երևանում կազմակերպել նկարահանումները»։

Տեսահոլովակը հումորային է ու շատ դինամիկ․ դրա վրա աշխատել է մեծ ու պրոֆեսիոնալ թիմ․ «Շատ շնորհակալ եմ մեր հրաշալի ռեժիսորին՝ Կարեն Ամյանին։ Քանի որ տեսահոլովակը հումորային էր, պետք է այդ աշխատանքը վստահվեր գործի մասնագետին, իսկ Կարենը «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող շատ հումորային սիթքոմների ռեժիսորն է եղել։ Նախապես մեկ օր էինք նախատեսել նկարահանումներն իրականացնելու համար, բայց քանի որ դրանք անցկացվեցին 6 տարբեր վայրերում՝ արդեն ավելացավ 2-րդ օրը»։

Տեսահոլովակը լի է հետաքրքիր իրադարձություններով ու հերոսներվ, որոնց մասին Վարդանն առաջինը հայտնում է մեր ընթերցողներին․ «Շատ պոզիտիվ հոլովակ է ստացվելու, դե, երգն արդեն մարդիկ վաղուց գիտեն։ Տեսահոլովակում արել ենք ամեն բան, որպեսզի հետաքրքիր լինի։ Հոլովակում մեզ հետ մի փոքրիկ դրվագում նկարահանվել է դերասան Գարիկ Սեփխանյանը՝ որպես տուրիստական ավտոբուսի վարորդ, որտեղ ես ու Ռաֆը պատահաբար հայտնվում ենք, ի միջի այլոց այս տեղեկությունն առաջին անգամ եմ հայտնում ու նաև ուզում եմ նշել, որ տեսահոլովակում նկարահանվել են 4 աղջիկ, որոնք Հայաստան են ժամանել Թայլանդից և 2 տղա՝ Աֆրիկայից։ Իհարկե, նրանք հատուկ այս հոլովակի համար չեն ժամանել, այլ արդեն գտնվում էին այստեղ ու նկարահանվել են մեր տեսահոլովակում»։

Անմիջապես նկարահանումներն ավարտելուց հետո, երեկ սկսվել են կադրից դուրս տարվող աշխատանքները․ «Կարծում եմ՝ սեպտեմբերի վերջին արդեն տեղի կունենա պրեմիերան, որովհետև հիմա շատ արագ տեմպերով փորձում ենք ամեն բան հասցնել։ Կարծում եմ՝ 7-10 օրվա ընթացքում կլինի տեսահոլավակի անոնսը, իսկ ամսվա վերջում՝ տեսահոլովակը։ Ամեն դեպքում այժմ բուռն աշխատանքային գործընթացի մեջ ենք, արդեն սկսել ենք մոնտաժային աշխատանքները»։

Եզրափակելով իր խոսքը՝ Վարդանն անդրադարձավ Ռաֆայել Երանոսյանին ու հայտեց իր նոր մտահաղացման մասին․ «Նկարահանումները շատ թեթև անցան, որովհետև Ռաֆի հետ այլ կերպ պարզապես հնարավոր չէր։ Քանի որ Ռաֆոյի հետ աշխատելը շատ հեշտ է, հաճելի ու դրական, տեսահոլովակի մեծ արձագանք ստանալու և Ռաֆի համաձայնության դեպքում, ես շատ կցանկանամ ձայնագրել երկրորդ դուետը, որը կդառնա առաջինի շարունակությունը»։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան