8 տարի ազատազրկման դատապարտված Եֆրեմովը պատմել է բանտակիցների հետ հարաբերությունների մասին

Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի համար ութ տարի ազատազրկման դատապարտված դերասան Միխայիլ Եֆրեմովը լավ հարաբերությունների մեջ է բանտակիցների հետ:

Ինչպես նշում է eadaily.com կայքը, այս մասին հայտնել է  դատապարտված դերասանի հետ հանդիպած Մարինա Լիտվինովիչը, որը Հանրային դիտորդական հանձնաժողովի անդամ է:

Վերջինիս խոսքով՝ բանտակիցները պայմանավորվել են միասին մեկուսարանի մարզասրահ հաճախել ու սեղանի թենիս խաղալ: Բանտախցում կա սառնարան ու հեռուստացույց: Ներկայում Եֆրեմովը գտնվում է չորս հոգանոց բանտախցում և առյաժմ նրանից որևէ բողոք չի ստացվել:

Ավելի վաղ Մոսկվայի Պրեսենսկի դատարանը դերասան Միխայիլ Եֆրեմովին ութ տարվա ազատազրկման է դատապարտել՝ նրան մեղավոր ճանաչելով մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի համար։ Զոհվածի որդու հայցով՝ դատարանը Եֆրեմովից նաև 800 000 ռուբլու չափով գումար է գանձել։ Դերասանը նաև երեք տարով զրկվել է վարորդական իրավունքից։

Նշվում է, որ Եֆրեմովի փաստաբան Էլման Փաշաևը հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել դատավճիռը։

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Եֆրեմովի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել հունիսի 8-ին՝ Մոսկվայի Սմոլենսկի հրապարակում: Դերասանի վարած Jeep Grand Cherokee ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Lada մակնիշի մեքենային: Վթարի հետևանքով Lada-ի վարորդը մահացել է։