Քանյե Ուեսթին ընտրացուցակում որպես նախագահի թեկնածու չեն ներառել փաստաթղթերը վերջնաժամկետից 14 վայրկյան ուշ ներկայացնելու պատճառով

Ամերիկացի ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթն անհրաժեշտ փաստաթղթերը վերջնաժամկետից 14 վայրկյան ուշ ներկայացնելու պատճառով չի ընդգրկվել ԱՄՆ նախագահական ընտրությունների՝ Վիսկոնսին նահանգի ընտրացուցակում, գրում է Variety-ն։
Ուեսթի նախընտրական շտաբը, իր հերթին, Վիսկոնսինի ընտրական հանձնաժողովի դեմ հայց է ներկայացրել դատարան։

Շտաբի պնդմամբ՝ Վիսկոնսինի նահանգային օրենքի և Վարչական օրենսգրքի համաձայն՝ մինչև երեկոյան ժամը 5:01-ը իրավասու էին ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը, սակայն Վիսկոնսինի ընտրական հանձնաժողովի աշխատակիցներն իրենց առջև դռները փակել են նախքան ժամը 5-ը։

Նշվում է, որ նահանգի դատավոր Ջոն Զակովսկին ուրբաթ երեկոյան Վիսկոնսինի ընտրական հանձնաժողովի օգտին որոշում է կայացրել՝ փաստացի թույլ չտալով Ուեսթին նահանգում գրանցվել որպես նախագահի թեկնածու։

«Այս տհաճ իրավիճակից կարելի էր խուսափել, եթե Ուեսթի ներկայացուցիչները պարզապես ավելի շուտ ժամանեին»,- ասված է դատավորի որոշման մեջ։

Նշենք, որ Քանյե Ուեսթի անունն առաջիկա նախագահական ընտրություններում կհայտնվի երկրի 10 նահանգների քվեաթերթիկներում․ 43-ամյա ռեփերը կմասնակցի Կենտուկի, Միսիսիպի, Այդահո, Մինեսոտա, Թենեսի, Այովա, Արկանզաս, Կոլորադո, Օկլահոմա և Վերմոնտ նահանգներում քվեարկությանը:

Ուեսթը նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարել էր հուլիսին։ Հուլիսի վերջին նա Հարավային Կարոլինա նահանգում անցկացրել է իր աջակիցների հետ նախընտրական առաջին հանրահավաքը, որի ժամանակ բազմաթիվ սկանդալային հայտարարություններ էր արել։

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերի 3-ին։