«Վինտաժ» խմբի մենակատարուհին առաջին անգամ խոսել է հայկական արմատների և հայ տատիկի ճակատագրի մասին

Ռուս հայտնի փոփ-երգչուհի, «Վինտաժ» խմբի մենակատարուհի Աննա Պլետնևան Youtube-շոուի ընթացքում Վյաչեսլավ Մանուչարովին պատմել է իր ազգային արմատների մասին։ Պարզվում է՝ երգչուհին հրեական, հայկական և ռուսական արմատներ ունի․ նրա հոր ազգանունը Ռուբինշտեյն է։ Հայկական արյունը Աննան ժառանգել է տատից, որը հիմա 90 տարեկան է։ Պապիկը ռուս սպա է եղել և Ռազմա-վրացական ճանապարհի շինարարության ժամանակ հայտնվել է Աբխազիայում, որտեղ էլ հանդիպել է ապագա կնոջը։

«Տատս 16 տարեկան է եղել, ռուսերենի ուսուցչուհի, պապս սիրահարվել է նրան։ Տատիկիս չէն տվել։ Պապս գտել, համոզել, փախցրել է։ Տատս հայուհի է, արդեն 90 տարեկան է»,-ասել է Պլետնևան։
Երգչուհին խոստովանել է, որ զգացել է արյան կանչը, երբ Երևանում հարսանիքի է եղել։ Լսել է երաժշտությունը և սկսել է պարել։
«Նրանք չէին հավատում, որ մոսկովյան օրիորդը կարող է այդպես պարել։ Ես չգիտեմ, թե ինչ էր արթնացել իմ մեջ, մի քանի ժամ անդադար պարել եմ։ Դա հենց արյան կանչն էր»,-ասել է նա։