Քանյե Ուեսթն իրեն համեմատել է Մովսես մարգարեի հետ և Դրեյքից հրապարակավ ներողություն պահանջել (լուսանկարներ)

Ամերիկացի ռեփեր, դիզայներ, ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած Քանյե Ուեսթը երկուշաբթի երեկոյան Թվիթերում մի շարք սկանդալային գրառումներ է կատարել, գրում է Daily Mail-ը։

Իր առաջին գրառման մեջ Ուեսթը հայտարարել է, որ երաժշտություն չի թողարկի այնքան ժամանակ, մինչև որ չավարտվեն Sony-ի և Universal-ի հետ իր պայմանագրերը։

Ամերիկացի ռեփերն իրեն համեմատել է Մովսես մարգարեի հետ՝ երաժշտական արդյունաբերությունն ու Բասկետբոլի ազգային ասոցիացիան անվանելով «ժամանակակից ստրկատիրական նավեր»՝ հայտարարելով, որ «չի պատրաստվում լուռ ականատես լինել, թե ինչպես է իր ժողովուրդը ստրկացվում»։

«Ես չեմ պատրաստվում դիտել, թե ինչպես են իմ մարդիկ ստրկացվում, ես իմ կյանքը պատրաստ եմ վտանգել մարդկանց համար, երաժշտական արդյունաբերությունը և Բասկետբոլի ազգային ասոցիացիան ժամանակակից ստրկատիրական նավեր են, իսկ ես՝ նոր Մովսես մարգարեն»,- գրել է նա։

Այնուհետև Ուեսթը, շարունակելով իր անհասկանալի թվիթերյան գրառումների շարքը, հրապարակավ ներողություն է պահանջել ռեփ կատարողներ Ջեյ Քոուլից և Դրեյքից, որոնց հետ անցյալում որոշ տարաձայնություններ է ունեցել։

«Ջեյ Քոուլը և Դրեյքը ինձնից պետք է հրապարակավ ներողություն խնդրեն»,- գրել է նա՝ մեկ այլ գրառմամբ ընդգծելով, որ «կարոտում է իր եղբայրներին և չի ցանկանում սևամորթ տղամարդկանց հետ վիճել ձայնագրման լեյբլների համար, որոնք նույնիսկ իրենց չեն պատկանում»։