Բրեդ Փիթը և Ջենիֆեր Էնիսթոնը միասին նոր նախագծում հանդես կգան (լուսանկար)

Ամերիկացի հայտնի դերասան, պրոդյուսեր Բրեդ Փիթը և նրա նախկին կինը՝ դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը, համատեղ նոր ծրագրում են հանդես գալու, գրում է Digital Spy-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ հոլիվուդյան դերասանները մասնակցելու են 1982 թվականին թողարկված «Անհոգ ժամանակներ «Ռիջմոնտ Հայում»» կատակերգության կենդանի ընթերցումներին: Այն հնարավոր կլինի դիտել ու լսել սեպտեմբերի 17-ին՝ ֆիլմի՝ էկրաններ բարձրանալու 38-ամյակին:

Լուսանկարային անոնսում երևում է, որ բարեգործական առցանց ծրագրի բոլոր մասնակիցներն իրենց տներում են:

Ընթերցումներին մասնակցում են նաև Ջուլիա Ռոբերտսը, Մորգան Ֆրիմենը, Մեթյու Մաքկոնահին, Շայա Լաբաֆը և այլ դերասաններ: Նշվում է, որ դեռևս տեղեկություններ չկան այն մասին, թե Ջենիֆեր Էնիսթոնն ու Բրեդ Փիթը ինչ դեր են կատարելու, քանի որ օրիգինալ ֆիլմում նրանք հանդես չեն եկել:

2000-ից 2005 թվականներին ամուսնության մեջ գտնված զույգը վերջին անգամ միասին նկարահանվել է 2001 թվականերին՝ «Ընկերներ» սերիալի դրվագներից մեկում, իսկ իրական կյանքում նրանց վերջին անգամ 2020 թվականին՝ ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակաբաշխությանն են տեսել: