Համերգներ՝ նկարահանված Հայաստանի ամենաանսպասելի վայրերում, ողջյուններ մեր սահմանը պահող տղերքից․ Հայաստանի անկախության 29-ամյակին ընդառաջ

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության տոնը՝ այդ օրը կլրանա անկախության հռչակման 29-ամյակը։

Նորություն չի լինի, երբ ասենք, որ այս տարի Անկախության օրը ևս կնշվի օնլայն հարթակում։ Փոքր-ինչ այլ ֆորմատով, բայց ոչ պակաս հետաքրքիր ու հիշվող միջոցառումներին այս տարի ժողովուրդը հնարավորություն կունենա հետևելու միայն առցանց տարբերակով։ Ոչ աշխատանքային այդ օրը կարելի է ամբողջությամբ նվիրել հանրային եթերները դիտելուն՝ վիրտուալ ճամփորդել ժամանակի միջով, ինչպես նաև տեսնել Հայաստանի ամենագողտրիկ անկյունները: Մեզ խոստանում են արխիվային ամենահետաքրքիր կադրերը, մեր սահմանը պահող տղերքի ջերմ ողջյուններն ու երաժիշտների կատարումները՝ մեր երկրի ամենաանսպասելի ու գեղեցիկ վայրերից:

Այսպիսով՝ համավարակով պայմանավորված՝ միջոցառումների մեծ մասը կանցկացվի վիրտուալ։

Առաջին ալիքի եթերն այդ օրն առավոտյան ժամերից լցվելու է հետաքրքիր և միմյանցից տարբերվող խորագրերով: 11 տարբեր համերգ է սպասվում` նկարահանված Հայաստանի ամենաանսպասելի վայրերում: Լսելու եք Նարեկ Հախնազարյանի ելույթը [Աժդահակի գագաթից], Ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Բամբիռի», Արամ MP3-ի, «Գեղարդ» երգեցիկ խմբի, Նորայր Քարտաշյանի ու «Մենուա» բենդի [Երերույքի տաճարից], Իվետա Մուկուչյանի, Գյուրջիև անսամբլի, Հայկ Մելիքյանի [Սարդարապատից] կատարումները, ինչպես նաև տեսնելու եք Կարինի պարը: Համերգների մյուս վայրերը կարող եք փորձել գուշակել կամ պատկերացնել:

Այս ամենից բացի, իրենց ողջյուններն են փոխանցելու մեր սահմանը պահող տղերքը, իրենց փորձով են կիսվելու ինչպես այն մարդիկ ու թիմերը, որոնք հաջողության են հասել հայրենիքում, այնպես էլ բոլորի հարգանքը վայելող այն հայերը, որոնք իրապես գիտեն անկախության նշանակությունը։ Բացի այդ, եթերում կլինեն երիտասարդ դերասաններ, որոնք Վանաձորից կբեմականացնեն անկախության տարիներին գրված տողերը, իսկ աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հայտնի հայերը կմիանան սպասված գալա համերգին՝ հայկական ստեղծագործություններ կատարելով: Եվ վերջում՝ ինչ Անկախության օր առանց Մեր Հայրենիքի. «Մեր հողերը» խորագրի շրջանակում թռչնի թռիչքի բարձրությունից կբացահայտենք հայկական ճարտարապետության, մշակույթի ու բնության գեղեցկությունը:

Այս ամենը եթերում կլինի մոտավորապես 7 ժամ, այնպես որ ազատեք ոչ աշխատանքային երկուշաբթին ու պատրաստվեք դիտելու վիզուալ ամենահետաքրքիր եթերներից մեկը։