Պարզ է դարձել իրական պատճառը, թե ինչու է Արամեն ընտանիքի հետ մեկնել Ռուսաստան

Արամեի ընտանիքն այս օրերին Մոսկվայում է: Շատերը սկսել են քննարկել, որ երգիչն արտագաղթել է, քանի որ կնոջ և երեխաների հետ բնակություն է հաստատել Ռուսաստանում: Խոսակցություններին ի պատասխան, երգիչը սոցցանցային իր էջերում հանդես էր եկել գրառմամբ՝ նշելով, որ Ռուսաստան է մեկնել որոշ գործեր ավարտին հացնելու համար։ Երկար ժամանակ Արամեն լռում էր այդ պատճառների մասին, սակայն նրա պրոդյուսերը՝ Սյոմա Կոդաբաշյանը, Showbiz.am կայքի հետ զրույցում առաջին անգամ խոսել է այդ պատճառների մասին։

«Սեպտեմբերի 21-ին Ռուսաստանում մեծ միջոցառում է կազմակեպված հայ համայնքի հետ միասին՝ Անկախության օրվան նվիրված, որտեղ հատուկ հյուրերից է նաև Արամեն։ Այստեղ՝ Հայաստանում, նույնպես միջոցառումենր ունի Արամեն, և գալու-գնալու է, ինչպես միշտ։ Նախորդ տարիներին Արամեն տարվա 3 ամիսն է կարողացել այստեղ լինել, ուղղակի հիմա մամուլն այլ կերպ այդ ամենը լուսաբանեց։
Մեկնելիս  ընտանքի անդամները միշտ սպասել են նրան Հայաստանում, սակայն այս անգամ ընտանիքի անդամները նրա հետ են, որովհետև թե՛ Արամեն, թե՛ Աննան ունեն ՌԴ-ում երկրորդ քաղաքացիություն, և սա շատ հարմար առիթ էր երեխաների թղթաբանության հարցերը լուծելու համար։ Նրանք այնտեղ են գտնվում միայն այդ գործընթացները ավարտին հասցնելու համար»,- պարզաբանում է Սյոման։

Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղի ունեցավ Արամեի նոր երգի պրեմիերան, որտեղ երգիչը հանդես եկավ սկսնակ երգչուհի Ստելլայի հետ զուգերգով։
Սյոման պատմում է, թե ինչպես են արտիստները որոշել համագործակցել ու նաև մի քանի հետաքրքիր մանրամասներ հայտնում շոուբիզնեսյան ներքին խոհանոցից։
«Զուգերգի առաջարկը եղել է Ստելլայի կողմից, Ռիչարդ Մադլենյանի միջնորդությամբ։ Երգը լսելուց հետո Արամեն հավանություն է տվել և արդեն սկսվել են աշխատանքները։ Ձայնագրվել է երգը դեռ 1 տարի առաջ, սակայն այս խնդիրները, այս կարանտինը, Ստելլայի բացակայությունը երկրից հետաձգում էին անընդհատ տեսահոլովակի նկարահաման ընթացքը։
Սա Ստելլայի առաջին գործն է, մենք լսել ենք նրա ժողովրդական կատարումները, սա էքսպերիմենտալ էր թե՛ Ստելլայի, թե՛ Արամեի համար։

Արամեն նշել է, որ երբեք չի հիմնվում այն հանգամանքի վրա՝ արդյոք զուգերգ կատարելիս մյուս արտիստը ճանաչված է, թե ոչ։ Նա ասել է, որ ցանկացած մարդուց կընդունի համագործակցության առաջարկ, եթե երգը հավանի։ Արամեն դուետը երբեք չի դիտարկում որպես կոմերցիոն նախագիծ։ Երբեք նման բան չի եղել։
Բայց դա ընդունված բան է, երբ անհայտ արտիստը ճանաչված երգչի հետ ցանկանում է դուետ ունենալ, ապա դա իր մեջ անպայման ֆինանսական ենթատեքստ է պարունակում»,- պարզաբանում է պրոդյուսերը։

Խոսելով տեսահոլովակի նկարահանման ընթացքից՝ Կոդաբաշյանը նշում է, որ աշխատանքները բավականին լարված են անցել։
«Ռեժիսորրը Արթուրն էր Մանուկյան։ Թե ինքը, թե իր թիմը շատ պատասխանատու էին, շատ ուշադիր էին, թե հեռավորություն պահելու, թե դիմակնեի նկատմամբ։ Տեսահոլովակում ընդամենը մի կադր կա, որտեղ Արամեն ու Ստելլան միմյանց մոտ են, սակայն անգամ այդ դրվագում պահպանած է սոցիալական հեռավորությունը։
Մթնոլորտը լարված էր, քանի որ բոլորը ռիթմից ընկած են ու առաջնահերթ մտածում էին, որ հանկարծ խնդիր չստեղծվի, կանոնները պահվի, ամեն ինչ շատ զգոն վիճակում անցավ»,- հիշում է նա։

Սյոման նաև կիսվում է Արամեի երկրպագուների համար ուրախալի լուրով․ շուտով Արամեն կրկին հանդես կգա նոր երգով։
«Նա կհամագործակցի ռուսական շոու-բիզնեսից հայտնի կատարողի հետ։ Չափազանց անսպասելի է լինելու, ընդհանրապես սպասելի չի լինի Արամեին նման ոճի կատարողի հետ տեսնելը»,- հավատացնում է Կոդաբաշյանը։

Անդրադառնալով կարանտինին ու թե ինչպես անցան այս քանի ամիսները երգչի համար՝ Կոդաբաշյանը պատմում է․ «Այս տարին ունեցավ իր և՛ դրական, և՛ բացասական կողմերը։ Հայաստանում այս տարի Արամեն երկար մնաց, իսկ մենք միշտ խնդիր ենք ունեցել երկրում գտնվելու հետ, ինչի պատճառով չէր ստացվում տեսահոլովակներ նկարահանել։ Սակայն այս տարի արդեն նկարահանել ենք 3 տեսահոլովակը, 4-րդի պրեմիերան կլինի մի քանի օրից։ Այն ռուսական շոու-բիզնեսի հայկական աստղերի հետ հավաքական երգ է լինելու՝ նվիրված Կոբզոնի հիշատակին։ Կլինի ևս մեկ երգ Միհրան Ծառուկյանի, Մկրտիչ Արզումանյանի, Արամեի և Արամ MP3-ի, Արսեն Սաֆարյանի և Արաբոյի մասնակցությամբ, որը Պաշտպաության նախարարության հետ համատեղ նախագիծ է»,– հայտնում է Սյոման։

Կոդաբաշյանը նաև նշում է, որ կարանտինի ընթացքում Արամեն միայն ներդրում է կատարել տեսահոլովակներում, որոնցից, կարելի է ասել՝ ոչ մի շահույթ չի ստացել։
«Ֆինանս երգչին գալիս է կորպորատիվ միջոցառումներից, իսկ տեսահոլովակի ու երգի ծախսը միջինը 15 հազար դոլար է։ Բնականաբար, յութուբյան հարթակն իրեն չի արդարացնում, դրանք փոքր կոպեկներ են։ Դաժան իրականությունն այն է, որ յուրաքանչյուր արտիստ, ով տեսահոլովակ է նկարահանում, իրականում մինուսային նախագիծ է անում, այսինքն՝ շահույթ չբերող։
Փորձը ցույց է տալիս, որ եթե երկար ժամանակ արտիստը տեսահոլովակ չի ունենում, ապա որոշում են, որ նա այլևս ասպարեզում չկա։ Այսինքն ինֆորմացիայի չափաբաժինն այնքան մեծ է, որ եթե նախկինում տարեկան 2 տեսահոլովակը ակտուալ էր պահում երգչին, ապա հիմա մինիմում պետք է ունենա 4 տեսահոլովակ։
Այս տարի՝ կարանտինի պայմաններում, դրանք մինուսային նախագծեր էին, որոնք չկոմպենսացվեցին»,- եզրափակում է իր խոսքը Սյոմա Կոդաբաշյանը։