«Ունենք երկու դերասանի համալրում»․ Մենչը՝ «Հարս չկա» սիթքոմի երկրորդ երթերաշրջանի, ԱՄՆ-ում բիզնեսներ ունենալու և Հայաստան գալու մասին - Showbiz.am

«Ունենք երկու դերասանի համալրում»․ Մենչը՝ «Հարս չկա» սիթքոմի երկրորդ երթերաշրջանի, ԱՄՆ-ում բիզնեսներ ունենալու և Հայաստան գալու մասին

Արդեն մեկնարկել են «Հարս չկա» սիթքոմի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները։ ShowBiz.am-ը զրուցել է նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի (Մենչ) հետ, ով մեզ հետաքրքիր մանրամասներ է պատմել սիթքոմի նկարահանումների և դերասանական կազմի փոփոխությունների մասին, ինչպես նաև անդրադարձել է ԱՄՆ-ում իր գործունեությանը, նոր նախագծերին և Հայաստան գալու մտադրությանը։

Մեզ հետ զրույցում Արմենը նշեց, որ երկրորդ եթերաշրջան ունենալու որոշումն ընդունել են առաջին եթերաշրջանի ընթացքում, քանի որ հասկացել են, որ «Հարս չկա»-ն սիրված և սպասված է հեռուստադիտողի կողմից։ «Ի սկզբանե երկրորդ եթերաշրջանի հետ կապված պլաններ չեն եղել, բայց ամեն դեպքում, մոտավորապես պատկերացնում էինք շարունակություն ունենալու պարագայում, այն դեպի որ կողմ պիտի զարգանա և սցենարային ինչպիսի ընթացք պետք է ունենա»,- մանրամասնում է նախագծի պրոդյուսերը։

Պատմությունը կլինի առաջին եթերաշրջանի շարունակությունը, բայց նաև կլինեն նոր գծեր, նոր սցենարային զարգացումներ, որոնք չեն եղել առաջին եթերաշրջանի ընթացքում։

Դերասանական կազմում ևս հետաքրքիր նորություններ կլինեն․ «Ունենք համալրում, մեր թիմին է միացել երկու նոր դերասան։ Մոսո Կարապետյանը, ով ԱՄՆ-ից արդեն իսկ ժամանել է Հայաստան՝ հատուկ սիթքոմում նկարահանվելու համար և Լիա Զախարյանն այժմ արդեն իսկ նկարահանվում է մեր նախագծում»։

Ըստ պրոդյուսերի՝ նկարահանումները հարթ և առանց լուրջ խնդիրների են ընթանում, իսկ նախագիծն Արմենիա TV-ի եթերում կլինի արդեն հոկտեմբերի սկզբներին, հստակ ամսաթիվը դեռևս որոշված չէ։

Անդրադառնալով նախագծի հետագա ընթացքին՝ Արմենը նշում է․ «Առհասարակ կանխագուշակել, թե որևէ սիթքոմ ինչ կյանք կունենա, շատ դժվար է։ Ամեն ինչ կախված է միայն հաջող ընթացքից։ «Ֆուլ հաուս»-ը սկսելիս մեզնից ոչ մեկն էլ չէր կարող մտածել, որ այն կարող է ինը եթերաշրջան ունենալ»։

Խոսելով ԱՄՆ-ում իր զբաղվածության և գործունեության մասին՝ Արմեն Պետրոսյանը մանրամասնում է․ «Որևէ հատուկ գործունեություն, որը կտարբերվեր իմ հիմնական աշխատանքից, չեմ ծավալում։ Ունենք երկու ընտանեկան բիզնես, որոնցից մեկն արդեն երեք տարի է, ինչ գոյություն ունի»,- պատմում է պրոդյուսերն, ապա անդրադառնալով Հայաստանին նշում, որ վերադառնալը մտնում է իր մոտալուտ ծրագրերի մեջ,- «Դեռ մարտ ամսից պարբերաբար մեկ-մեկ ամսով հետաձգել եմ արդեն իսկ գնված ինքնաթիռի իմ տոմսը, քանի որ հասկանալի պատճառներով չվերթները պարբերաբար չեղարկվում էին։ Այժմ կփորձեմ ամեն բան անել, որպեսզի կարողանամ հոկտեմբերին գալ Հայաստան»։

Զրույցի ընթացքում անդրադարձանք նաև Արմենի մի քանի այլ նախագծերին, որոնց մի մասը կորոնավիրուսային համավարակի պատճատով հետաձգվել է․ «Իհարկե, ունենք մի շարք խափանված ծրագրեր, բայց դրանք ոչ թե չեղարկվեցին, այլ հետաձգվեցին։ Պատրաստ էր Աղաս Մանուկյանի stand up ներկայացումը, որի օրն արդեն նշանակված էր, անգամ հասցրել էինք վաճառել տոմսերի մի մասը։ Այս stand up-ը անորոշ ժամանակով հետաձգվել է, քանի որ անպայման ուզում ենք, որ այն տեղի ունենա թատրոնում, այլ ոչ թե բացօթյա ինչ-որ տարածքում։ Ինչպես նաև կա ևս մեկ ներկայացում, որի սյուժեն ես մտածել էի անցյալ տարի, իսկ մի քանի ամիս առաջ մեր սցենարիստներն ավարտեցին նաև դրա աշխատանքները, որը ևս նախատեսել ենք իրականացնել կա՛մ այս տարվա վերջին, կա՛մ էլ գալիք տարվա սկզբներին։ Ներկայացումը կոչվում է «Սև Գրին քարտ»»։

Հեղինակ՝ Լուս Ավագյան

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Չէի պատկերացնի, որ նման որակի գրառում կարող ես քեզ թույլ տալ». Գայանե Ասլամազյանը՝Գնել Սարգսյանի մասին

Դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գնել ջան, շնորհավորում եմ: Երևի թե քեզ համար կարևոր իրադարձություն...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Հերոսական նովելներ»-ի կոմպոզիտորը՝ պատերազմի ընթացքում ստեղծագործելու մասին

Քանի դեռ կան պատերազմներ, մարդկային ողբերգությունները շարունակվելու են։ «Արմենիա» հեռուստաընկերությունը պատերազմի ընթացքում ներկայացրեց հեռուստադիտողներին  «Հերոսական նովելներ» բազմասերիանոց ֆիլմը, որի...
Ավելին