Լավագույն բնական միջոցներն աչքերի տակ առաջացած այտուցներից ու մանր կնճիռներից ազատվելու համար

Աչքերի շուրջ մաշկն անչափ զգայուն է, ինչի պատճառով հաճախ է ենթարկվում արտաքին միջավայրի անբարենպաստ ազդեցության։ Այս հատվածի մաշկի խնամքը շատ կարևոր է, քանի որ անգամ քնի վատ որակն ու սխալ սննդակարգը կարող են խիստ բացասաբար անդրադառնալ արտաքին տեսքի վրա՝ դառնալով մուգ շրջանակների ու այտուցների առաջացման պատճառ։ Բացի այդ, նուրբ ու զգայուն մաշկը շատ արագ է պատվում մանր կնճիռներով, որոնք էլ ժամանակի ընթացքում միջոցներ չձեռնարկելու դեպքում կարող են շատ ավելի ակնհայտ դառնալ։

Նման տհաճ խնդիրներից ազատվելու և ավելի թարմ տեսք ստանալու համար շատերը հսկայական գումարներ ու ջանքեր են վատնում՝ դիմելով տարատեսակ կոսմետիկ պրոցեդուրաների ու միջոցների օգնությանը, մինչդեռ կան շատ արդունավետ բնական դիմակներ, որոնք կանոնավոր օգտագործելու դեպքում կօգնեն ազատվել մուգ շրջանակներից ու այտուցներից, կհարթեցնեն մաշկն ու կազատեն վաղաժամ կնճիռներից՝ հաղորդելով ավելի երիտասարդ ու թարմ տեսք։

Այս բնական դիմակները նույնքան արդյունավետ են, որքան թանկարժեք պրոցեդուրաները, սակայն դրանք շատ ավելի հասանելի են ու անվնաս, քանի որ պարունակում են բացառապես բնական բաղադրիչներ, որոնք կարելի է գտնել յուրաքանչյուրի խոհանոցում, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից լավագույնները։

  • Թարմ վարունգը քերիչով մանրացնել, ավելացնել մեկ թեյի գդալ թթվասեր ու լավ խառնել։ Ստացված զանգվածը քսել աչքերի տակ, թողնել 10 րոպե, այնուհետև լվացվել։ Այս դիմակը սնուցում է մաշկն ու ազատում է մանր կնճիռներից։
  • Քամել անանուխի տերևների հյութը, այնուհետև թարմ հյութի մեջ թրջել սպիտակ հացի միջուկն ու դնել ստորին կոպերին՝ թողնելով մոտ 10 րոպե: Այս պրոցեդուրան կխթանի արյան շրջանառությունը, տոնուս կհաղորդի մաշկին և կդարձնի այն ավելի պիրկ ու առաձգական:
  • Մաղադանոսի տերևները մանրացնել ու քամել դրանց հյութը, այնուհետև բամբակյա սկավառակները թրջել ստացված հյութով, դնել կոպերին ու թողնել 20 րոպե։ Այս պարզ դիմակը կօգնի հեշտությամբ ազատվել այտուցներից։
  • Այտուցներից ազատվելու հիանալի միջոց կարող է լինել նաև խնձորով ու հալվե վերայով դիմակը։ Հարկավոր է քաղցր խնձորը քերիչով մանրացնել, ավելացնել մի քանի կաթիլ հալվե վերայի հյութ ու լավ խառնել: Ստացված դիմակը քսել կոպերին, թողնել 10 րոպե ու լվացվել: