Լիլի Էլբակյանը՝ «Չնչիկ» ֆիլմի, իր կերպարի, տպավորիչ ու վտանգավոր նկարահանումների մասին

Ռեժիսոր Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմը տասը տարի տևած երկարուձիգ ընթացքից հետո ավարտին հասցվեց և ընդունվեց Ասիայի ամենահեղինակավոր միջազգային կինոփառատոնի՝ Բուսանի մրցույթային ծրագրում։

Հոկտեմբերի 21-ից 30-ը տեղի է ունենալու հեղինակային կինոյի հայտնի կինոփառատոներից մեկը՝ Բուսանը: Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Լիլի Էլբակյանը, Showbiz.am-ի հետ զրույցի ընթացքում պատմել է ֆիլմի ստեղծման երկարատև ընթացքի պատճառների, վտանգավոր նկարահանումների, իր կերպարի, պրոֆեսիոնալ թիմի հետ աշխատելու հաճույքի ու «Չնչիկ»-ի՝ իր համար ճակատագրական լինելու մասին։

««Չնչիկ»-ի մասին հավերժ կարող եմ խոսել, քանի որ այն իմ կյանքում ճակատագրական է եղել։ Հենց «Չնչիկ»-ի նկարահանումների ժամանակ եմ ծանոթացել ամուսնուս՝ Համոյի հետ»,- ասում է Լիլի Էլբակյանը։

Պատմելով ֆիլմում նկարահանվելու առաջարկի մասին՝ Լիլին ասում է․ «Ֆիլմը նկարահանվել է տասը տարի առաջ ու մոտ չորս տարի են տևել նկարահանումները, քանի որ ընդհատումներ են եղել ընթացքում։ Երբ Շահբազյան Արամն ինձ առաջարկեց Չնչիկի դերը, շատ երիտասարդ էի՝ քսաներկու տարեկան։ Մինչ այդ առաջարկը դեռ չորս տարի առաջ էլ էի ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստացել, բայց մերժել էի, որովհետև Թատերական ինստիտուտում դասախոսները մինչև ավարտելը թույլ չէին տալիս իրենց ուսանողներին նկարահանվել, ու ես այդ սկզբունքին հետևելով՝ միանգամից մերժել էի։ Իսկ չորս տարի անց, երբ մասնակցեցի քասթինգի՝ միանգամից անցա։ Երբ Արամն ինձ տեսավ, խոսեցինք ու մի քանի հայացք նկատեց՝ ասաց․ «Հենց այս հայացքներիդ համար էլ պատկերացնում եմ, որ Չնչիկը դու ես»»։

«Չնչիկ»-ը իրական ու շատ դաժան պատմություն է։ Ֆիլմը նկարահանված է դոկումենտալ հիմքի վրա։ Այն ցույց է տալիս, թե ինչպես է մի հիվանդ աղջիկ, որը հղիանում է՝ քարկոծվում հասարակության կողմից։ Դերասանուհին չի ուզում բացել ֆիլմի փակագծերն ու պատմել, ուղղակի նշում է, որ սա հասարակության ճնշումն է մարդ արարածի վրա։

«Ֆիլմը կոչվում է «Չնչիկ», այսինքն չնչին մարդ։ Իմ մարմնավորած կերպարը տարօրինակ աղջիկ է, ինքն իր ներաշխարհում պարփակված։ Այն ժամանակ ինձ համար այնքան էլ հայտնի չէր «աուտիզմ» տերմինն ու առհասարակ այդ երևույթը։ Բայց հիմա, որ հետ եմ նայում, հասկանում եմ, որ եթե այն ժամանակ մարդու այդ տեսակին ավելի ծանոթ լինեի, հանգիստ կարող էի հենց այդ տեսակը խաղալ, որովհետև հիմնվելով իրական պատմության վրա, մարդկանց պատմածի ու այն ամենի վրա, ինչ Արամն ուզում էր ստանալ՝ այդ աղջկը շատ նման էր աուտիզմ ունեցող մարդու։ Ֆիլմում ես մարմնավորել եմ մի քիչ խենթ, տարօրինակ գյուղացի մի աղջկա, որը համարյա տեքստ չունենալով՝ ողջ ֆիլմի ընթացքում ուշադրությունն իր վրա է պահում»,- մանրամասնում է Լիլին։

Նկարահանումներն այնքան էլ հեշտ չեն եղել, քանի որ ահռելի աշխատանք է տարվել։ Հշելով այդ ամենը՝ Էլբակյանը պատմում է․ «Ամիսներ շարունակ ապրել ենք Լոռիում, Ապարանում, շատ բարդ նկարահանումներ ենք ունեցել։ Իսկապես շատ տանջանքներ եմ կրել ֆիլիմի նկարահանումների ժամանակ։ Օրինակ՝ մի անգամ կամուրջը պոկվեց և ոչխարների հոտից մի քանի ոչխար ընկան ջուրը, իսկ ես հազիվ կարողացա կախվել կամջրից ու ինձ մեծ դժվարությամբ փրկեցին։ Իրականում բավականին բարձր կամուրջ էր, ներքևում՝ հոսող ջուր, ես էլ լողալ չգիտեի։ Նկարահանումներից մեկի ժամանակ էլ մեքենան էր շուռ եկել՝ ներսում դերասաններից մի քանիսը։ Բարդ, տեղ-տեղ վտանգավոր, բայց շատ տպավորիչ նկարահանումներ ենք ունեցել»։

Ճիշտ է, ֆիլմը բավականին երկար ժամանակ էր նկարահանվում, բայց անգամ նկարահանումների ավարտից հետո, այն միանգամից չհայտնվեց էկրաններին։ Դրա համար շատ պաճառներ կային։ «Ֆիմի ստեղծումը ձգձգվեց ֆինանսական պատճառներով։ Քանի որ պրոդյուսերներն արտերկրից էին, կարծեմ պետք էր, որ այդ գումարն իրենց երկրում ծախսվեր։ Մի խոսքով, պատճառները շատ էին․ գումար չէր տրամադրվում, նախարարներն անըդհատ փոխվում էին ու ֆիլմն այդպես էլ ավարտին չէր հասցվում։ Գիտեմ, որ արտերկրից շատ հզոր տեխնիկա էր բերվել ֆիլմը նկարահանելու համար, այն ժամանակ այստեղ այդքան լավ տեսախցիկներ չկային։ Ֆիլմը տեխնիկապես էլ բարձր որակական չափանիշների է համապատասխանում»,- նշում է դերասանուհին։

«Ֆիլմից հետո ամուսնացա, երկու բալիկ ունեցա ու միշտ կատակում էի ու ասում․ «Ես երկու բալիկ կունենամ, իսկ ֆիլմը դեռ չի ներկայացվի»։ Փաստորեն անգամ բալիկներս մեծացան, բայց ֆիլմը դեռ չէր ներկայացվել հանդիսատեսի դատին։ Այժմ անհամբերությամբ սպասում ենք, որ Հայաստանում տեղի ունենա պրեմիերան։ Քանի որ նաև մասնակցելու է փառատոնին, անհամբերությամբ սպասում ենք պրեմիերային։ Արամն ասում է, որ եթե ճանապարհները բաց լինեն մենք նույնպես կմեկնենք ներկա գտնվելու փառատոնին, բայց դեռ չգիտենք, թե որքանով դա հնարավոր կլինի իրականացնել»,- ասում է Լիլին։

Ֆիլմը շատ մեծ ազդեցություն է ունեցել մասնագիտական տեսանկյունից, այն ժամանակ իր կարիերան նոր սկսած դերասանուհու վրա։ «Այն ժամանակ շատ երիտասարդ էի, էյֆորիկ կերպով նկարահանվում էի՝ չգիտակցելով, թե ինչ մեծ ու հետաքրքիր կտավի մի մաս եմ կազմում։ Բայց հենց այս ֆիլմի շնորհիվ է, որ ես հասկացա՝ ինչ է կինոն, սիրեցի այն, շփվեցի շատ լավ դերասանների հետ։ Հիմա չգիտեմ, թե ինչպիսի զգացողություններ կունենամ ֆիլմը դիտելիս, որովհետև տարիներ են անցել ու այժմ գուցե լրիվ այլ կերպ կխաղայի այդ դերը։ Ես շատ եմ փոխվել ֆիլմից հետո, ճիշտ է՝ ինձ գրիմով հատուկ տգեղացնում էին, բայց միևնույնն է, ներաշխարհս էլ է փոխվել ու թե ներքուստ, թե արտաքնապես ես այլևս այդ ֆիլմում խաղացած աղջիկը չեմ։ Բայց այն ժամանակ ինձ այնքան լավ էին վերաբերվում նկարահանման հրապարակում, կարծես մի հոլիվուդյան աստղի․ մեկը զբաղվում էր իմ հագուստով, մեկը՝ գրիմով, մյուսը՝ մազերով։ Ֆիլմարտադրության աշխարհը ես «Չնչիկ»-ի միջոցով եմ ճանաչել ու հասկացել, թե ինչ է իսկական կինոն։ Շատ ֆիլմերում եմ հետո նկարահանվել, բայց այդպիսի որակ, այդ պրոֆեսիոնալիզմն ու այդպիսի մոտեցում այդպես էլ ոչ մի տեղ չկարողացա գտնել նկարահանման հրապարակում, որովհետև Արամը, պրոդյուսերներն ու ողջ թիմն իսկապես ամեն ինչ արել էին, որպեսզի մենք զգայինք իսկական կինոյի համն ու հոտը։ Դրանից հետո միշտ երազել եմ կրկին աշխատել Արամի ու նման պրոֆեսիոնալ թիմի հետ»։

Լիլին, ինչպես նաև ֆիլմի վրա աշխատած մեծ թիմը, դերասաններն ու «Չնչիկ»-ի ստեղծմանը մասնակից դարձած յուրաքանչյուր ոք այժմ անհամբերությամբ սպասում են պրեմիերային։ «Ես չգիտեմ, թե ֆիլմն ինչ արձագանք կունենա, քանի որ իր մեջ ծանր հոգեբանական մաս ունի, թեթև ֆիլմ չէ։ Անգամ որոշ սիրային ու համբույրի տեսարաններ մոնտաժվել են, որովհետև ոչ հայ, այլ ֆիլմի արտերկրյա պրոդյուսերներն ասել էին, որ հերոսուհին շատ գեղեցիկ է ու դրա համար էլ պետք է մոնտաժել այդ կադրերը։ Նրանք դա որպես թերություն էին շեշտել, այլ ոչ որպես առավելություն։ Այժմ մեծ ոգևորությամբ սպասում եմ ֆիլմի պրեմիերային ու հույս ունեմ, որ Հայաստանում այն կսիրվի և մեր ջանքերն ու այսքան տարիների սպասումը վերջապես կարդարացվեն»,- եզրափակելով իր խոսքն, ասում է Լիլի Էլբակյանը։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան