«Այնքան էլ սարսափելի չէ, ինչպես նկարագրում են». Աննա Նետրեբկոն վարակվել է կորոնավիրուսով և հոսպիտալացվել

Ռուս օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն վարակվել է կորոնավիրուսով, սակայն ինստագրամյան իր հետևորդներին հորդորել է չանհանգստանալ։

Երգչուհին հայտնել է, որ ի սկզբանե երկու տարբերակ է ունեցել․ առաջինը՝  վիրուսից վախենալով տանը նստել ու իրեն ամեն բանից զրկել և երկրորդը՝ շարունակել աշխատանքային գործունեությունը։ Երգչուհին ընտրել է երկրորդ տարբերակը, ինչի հետևանքով վարակվել է կորոնավիրուսով, սակայն, ինչպես նա է նշում, չի զղջում այդ որոշման համար։

«Արդեն հինգ օր է, ինչ կորոնավիրուսային թոքաբորբով հիվանդանոցում եմ գտնվում, և շուտով կվերականգնվեմ։ Չնայած, որ թեստի պատասխանները բացասական են եղել՝ ես հիվանդության ախտանշանները զգալուն պես ինքնամեկուսացել եմ։ Ժամանակին եմ հիվանդանոց եկել, և ինձ բուժօգնություն են ցուցաբերում։ Ամեն բան լավ կլինի։ Այնքան էլ սարսափելի չէ, ինչպես նկարագրում են»,- հրապարակմանը կից գրել է Նետրեբկոն։

Աստղը հավելել է նաև, որ ամուսինը՝ Յուսիֆ Էյվազովը, կորոնավիրուսի հակամարմիններ ունեցել է, ուստի՝ երկրորդ անգամ չի վարակվել։

«Ուրախ եմ, որ այս ամենն ինձ համար նույնպես կավարտվի»,- եզրափակել է երգչուհին։