«Սեր, խրախճանք, ժանտախտ»․ Լիլի Էլբակյանը՝ բացօթյա «Դեկամերոն» ներկայացման մասին

Իտալացի պոետ, գրող Ջովաննի Բոկաչոյի «Դեկամերոն»-ի մասին գրեթե բոլորն են լսել, եթե անգամ չեն կարդացել, իսկ դերասանուհի և բեմադրիչ Լիլի Էլբակյանը որոշել է նորովի ներկայացնել այն ու բեմադրել Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բացօթյա բեմում։ Ընդամենը մի քանի օրից՝ սեպտեմբերի 25-ին կկայանա պրեմիերան և հանդիսատեսը կտեսնի նոր շնչով ու մատուցմաբ հետաքրքիր ներկայացում։ Showbiz.am-ի հետ զրույցում Լիլին պատմել է, թե ինչպես է առաջացել գաղափարը, մանրամասնել, թե ինչու է հատկապես հիմա արդիական բեմադրության թեման, ինչպես նաև մեզ տրամադրել ներկայացման համար արված թեմատիկ ֆոտոշարքի առաջին կադրերը։

«Սա նոր ներկայացում է, որը բեմադրելու հրավերը ես ստացել եմ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանից։ Նա ասաց, որ կցանկանար թատրոնում բացօթյա ներկայացում բեմադրվեր ու այդպես սկսեցինք մտածել, թե ինչ կարող ենք բեմադրել։ Քանի որ ուսանողներիս հետ ժամանակին որպես դիպլոմային աշխատանք ներկայացրել էինք «Դեկամերոն»-ը, մտածեցի, որ այն ֆորմատով, որով ես էի այն բեմադրել, դրսում կարող է շատ հետաքրքիր դիտվել։ Այդպես որոշեցի հենց «Դեկամերոն»-ը բեմադրել, բայց նորովի ու լրիվ այլ դերասանական կազմով, լիովին այլ լուծումներով։ Շատ արագ ենք բեմադրել, մոտ ամիս ու կես ժամկետում, բայց կարծում եմ այդ արագության մեջ որակը չի կորել, քանի որ ինտենսիվ կերպով ենք աշխատել ներկայացման վրա»,- պատմում է նա։

«Ներկայացման մեջ զբաղված են ութ դերասանուհիներ, այդ թվում և ես։ Սկզբում որոշել էի կիթառ նվագել, բայց հետո ինքս էլ ներգրավվեցի ներկայացման մեջ։ Բեմադրությունն այնքանով է հետաքրքիր, որ այն անսամբլային է, չկան գլխավոր ու երկրորդական դերեր՝ բոլորն էլ գլխավոր դերում են։ Կարծում եմ, որ ներկայացումը կսիրվի հանդիսատեսի կողմից»,- հույս է հայտնում Լիլին։

Հարցին, թե ինչու որոշվեց հեն այդ ստեղծագործությանն անդրադառնալ, Լիլին պատասխանում է․ «Շատ արդիական թեմա է, քանի որ ներկայացման մեջ խոսվում է ժանտախտի մասին, որից մարդիկ մահանում են։ Ներկայացումը չենք կարող միանգամայն տխուր որակել, այն տրագիկոմեդիա է, որում կա լաց, ծիծաղ, խրախճանք և սեր։ Ներկայացման մեջ ութ աղջիկ փախչելով ժանտախտից գտնում են Ֆլորենցիային կից մի ամառանոց, իսկ ավարտը ողգբերգական է։ Քանի որ հիմա այս համավարակը շատ ակտուալ է, ես փորձել եմ հնարավորինս ամեն ինչ մոտեցնել մեր օրերին ու փոխանցել այն զգացողությունները, որոնք այսօր մեզանից յուրաքանչյուրը կարող է գտնել իր մեջ։ Այդ վախը, տարակուսանքը, ապրելու ցանկությունը և ինչու ոչ՝ «Խրախճանք ժանտախտի ժամանակ» թեման կարմիր գծով անցնում են «Դեկամերոն» ներկայացման մեջ»։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան