3 մթերք, որոնք հարկավոր է ներառել սննդակարգում գեղեցկության ու թարմ տեսքի պահպանման համար

Մազերի, մաշկի ու եղունգների առողջությունը շատ կարևոր նշանակություն ունի գեղեցկության պահպանման հարցում, սակայն շատ հաճախ անգամ լավագույն կոսմետիկ միջոցները չեն օգնում խուսափել մաշկային խնդիրներից ու մազերի և եղունգների վիճակի վատթարացումից, քանի որ շատ դեպքերում խնդիրը զուտ կոսմետիկ բնույթ չի կրում։

Աչքերի տակ պարկերի ու մուգ շրջանակների, ինչպես նաև մազաթափության և մազերի ու եղունգների փխրունության խնդիրը հատկապես արդիական է լինում աշնանն ու ձմռանը, ինչը պայմանավորված է եղանակի ու սննդակարգի փոփոխություններով։ Նման դեպքերում շատերը փորձում են լուծել խնդիրը հատուկ խնամքի միջոցներով, մինչդեռ իրականում պայքարի լավագույն միջոցը ճիշտ սննդակարգն է, որն շատ կարևոր է ոչ միայն իմունային համակարգի ամրապնդման, այլև գեղեցկության պահպանման համար։

Գերմանական Freundin պարբերականը ներկայացրել է սննդամթերքի այն տեսակները, որոնք սննդակարգում ներառելը թույլ կտա պահպանել գեղեցկությունն ու կազատի մաշկի, մազերի ու եղունգների հետ կապված մի շարք խնդիրներից։

Նշի մածուկ

Նշի մածուկը պարունակում է մեծ քանակությամբ սննդարար նյութեր, այդ թվում՝ սպիտակուցներ, վիտամիններ ու օգտակար ճարպաթթուներ, որոնք խթանում են մազերի աճը։ Սա նաև վիտամին Е-ի հարուստ աղբյուր է, իսկ այս տարրը մազաթափության դեմ պայքարող և մազերի աճը խթանող ամենահզոր միջոցներից մեկն է։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ամեն օր վիտամին Е-ի հավելումներ ընդունելու դեպքում տղամարդիկ կարող են ութ ամսում 42 տոկոսով ավելացնել մազերի ծավալը։

Կիտրոն

Տարվա այս եղանակին մարդիկ հաճախ են բախվում եղանակի տատանումների ու քնի խանգարումների խնդրին, ինչն էլ բացասաբար է անդրադառնում մաշկի վիճակի վրա` արտաքինին հաղորդելով հոգնած ու ոչ թարմ տեսք։ Նման դեպքերում խնդիրը կարելի է լուծել կիտրոնով ջրի օգնությամբ, որը կհագեցնի օրգանիզմը վիտամին C-ով` մաշկային բորբոքումների ու մաշկի անառողջ գույնի դեմ պայքարող լավագույն հակաօքսիդանտներից մեկով։

Անյուղ տավարի միս

Այս մթերքը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ, երկաթ ու ցինկ` տարրեր, որոնք պահպանում են մազերի ու եղունգների առողջությունը, ամրապնդում են դրանք ու խթանում աճը։ Ընդ որում` ցանկալի արդյունքին հասնելու համար բավական կլինի շաբաթական 1-3 բաժին միս ուտելը, սակայն այն հարկավոր է ուտել կանոնավոր։