«Այս հեռուստասերիալը իր նկարահանման ոճով շատ է տարբերվելու նախորդներից»․ մանրամասներ Դիանա Գրիգորյանի՝ «Սարի աղջիկ» նոր հեռուստանախագծից

Արմենիա հեռուստաընկերության եթերում շատ շուտով կմեկնարկի պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի՝ նոր «Սարի աղջիկ» հեռուստասերիալը։
ShowBiz.am-ի հետ զրույցում պրոդյուսերը խոսել է նոր հեռուստասերիալի նկարահանման աշխատանքներից, ինչպես նաև անդրադարձել դերասանական կազմին, դրանում առկա փոփոխություններին և նախորդներից տարբերվող նկարահանումներին և բովանդակությանը։

Նկարահանումներն արդեն մոտ մեկ շաբաթ է, ինչ մեկնարկել են։ Առաջին սերիաներն, ըստ Դիանայի, ամենայն հավանականությամբ, արդեն սեպտեմբերի վերջին կլինեն հեռուստաեթերում։ «Նկարահանումներն ընթանում են բավականին բարդ, քանի որ դրանք իրականացնում ենք Հայաստանի ամենատարբեր վայրերում»,- կիսվում է նախագծի պրոդյուսերը։

Խոսելով «Սարի աղջիկ» հեռուստասերիալի սյուժեի և դրանում արծարծվող թեմաների մասին՝ Դիանան նշում է․«Դեռևս չեմ կարող ասել՝ ինչ թեմաների ենք անդրադառնալու, քանի որ երբևէ նոր սկսվող նախագծի սյուժեին ես նախօրոք չեմ ծանոթացրել, չեմ բացել փակագծերը։ Միայն կարող եմ ասել, որ այս հեռուստասերիալը իր նկարահանման ոճով շատ է տարբերվելու նախորդներից։ Այս նախագիծը տարբերվելու է նրանով, որ այստեղ ներառելու ենք հայկական շատ ավանդույթներ, սովորույթներ, ներկայացնելու ենք հիմնականում հայկական լեռնաշխարհը, բնությունը, անդրադառնալու ենք տարբեր միջոցառումների, տոնակատարությունների, փառատոնների, այսինքն՝ մեր հնարավորությունների սահմաններում փորձելու ենք այդ ամենը ներկայացնել»։

Դիանան հավելում է, որ ցանկացած նախագիծ սկսելիս պետք է միշտ առաջ շարժվել ևս մեկ քայլով․ «Մենք մշտապես առաջնորդվում ենք արդեն վաղուց  մեր կողմից որդեգրած այն սկզբունքով, որ չպետք է կրկնօրինակենք որևէ հեռուստասերիալի, չպետք է կրկնօրինակենք առաջին հերթին ինքներս մեզ և փորձենք ստեղծել նոր բան, որովհետև յուրաքանչյուր նոր բան, որը ծնվում է, ծնվում է մեր միջից»։

Կորոնավիրուսի շրջանում, ելնելով արտակարգ դրությունից, Դիանա Գրիգորյանը հայտարարել է օնլայն քասթինգ։ «Նշել էինք, որ բոլոր նրանք, ովքեր տաղանդավոր են և երազում են հայտնվել հեռուստաէկրաններին, կարող են տեղադրել իրենց մասին պատմող տեսանյութն իրենց ինստագրամյան էջում՝ նշելով համապատասխանաբար մեր էջը։ Եվ այդպես շատ-շատ տաղանդավոր երիտասարդներ մասնակցեցին մեր օնլայն քասթինգին, ապա մենք կատարեցինք մեր ընտրությունը։ Քանի որ մեր հեռուստասերիալում մենք պետք է ներկայացնենք բնությունն ու բնական գեղեցկությունը, մեզ համար շատ կարևոր էր, որ գլխավոր հերոսուհին ևս օժտված լիներ բնական գեղեցկությամբ։ Այնպես որ գլխավոր դերը բաժին հասավ 18 տարեկան մի աղջնակի, ով պարուհի է։ Հետո նաև պարզվեց, որ մեր հերոսուհին ՀՀ վաստակավոր գործիչ Գագիկ Կարապետյանի թոռնուհին է, զարմացել էինք շատ։ Մի խոսքով՝ շատ հետաքրքիր ուղի է անցել մեր հերոսուհին»,- պատմում է հեռուստասերիալի պրոդյուսերը։

«Սարի աղջիկ» հեռուստասերիալի դերասանական կազմում ընդգրկված են Հարություն Մովսիսյանը, Էմմա Մանուկյանը, Աշոտ Ղազարյանը, Ագնեսա Շահնազարյանը, Արտաշես Ալեքսանյանը, Արտաշես Մխիթարյանը, Լուսինե Արշակյանը, Ռոման Բաբայանը, Անահիտ Կիրակոսյանը, Անի Քոչարյանը, Աիդա Բաբաջյանը, Ջուլիետա Ստեփանյանը, Անուշկա Մարգարյանը, Լիլիթ Բադալյանը, Կարո Հովհաննիսյանը, Նիկոլայ Եղիազարյանը, իսկ գլխավոր հերոսուհին Աիդա Կարապետյանն է։

Հաշվի առնելով այն փաստը, որ այս նախագծի շրջանակներում ավելի լայնամասշտաբ և ծավալուն նկարահանումներ են իրականացվում, մենք հետաքրքիրվեցինք, թե արդյո՞ք հեռուստասերիալի բյուժեն ևս կգերազանցի Դիանա Գրիգորյանի նախորդ նախագծերին․ «Ոչ, ոչ, ոչ․․․ նույն հնարավորություններով փորձելու ենք ավելի մեծ աշխատանք տանել։ Որովհետև փորձում ենք անել ամեն ինչ հեռուստադիտողին գոհացնելու համար»։

Հեղինակ՝ Լուս Ավագյան