86-ամյա Սոֆի Լորենը տասնամյա ընդմիջումից հետո մեծ էկրան կվերադառնա (լուսանկարներ)

20-րդ դարի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը՝ Սոֆի Լորենը, նկարահանվել է «Կյանքն առջևում է» (La vita davanti a sé) վեպի էկրանավորման մեջ, որը Netflix-ի եթերում կհեռարձակվի նոյեմբերի 13-ից, գրում է Daily Mail-ը։

86-ամյա դերասանուհու համար սա տասնամյա ընդմիջումից հետո գեղարվեստական ֆիլմում առաջին դերն է։ Նա ֆիլմում հանդես է գալու տիկին Ռոզայի դերով, որը վերապրել է Հոլոքոստը և ընկերացել Սենեգալից 12-ամյա փախստական տղայի՝ Մոմոյի հետ:

Ֆիլմի ռեժիսորը Լորենի որդին է՝ Էդոարդո Պոնտին։ Դերասանուհին ավելի վաղ հայտնել էր, որ որդին իր համար ավելի լավ դեր չէր կարող ընտրել:

«Մեծ հաճույքով եմ կերտել տիկին Ռոզայի կերպարը։ Նա անդրդվելի է, միևնույն ժամանակ փխրուն և պայքարող։ Շատ առումներով նա ինձ իմ մորն է հիշեցնում»,- ասել էր դերասանուհին:

Էդոարդո Պոնտին արդեն երրորդ անգամ է իր ֆիլմերում նկարահանում մորը։ Ֆիլմը Էմիլ Աժար կեղծանունով Ռոմեն Գարիի հեղինակած «Կյանքն առջևում է» վեպի արդեն երկրորդ էկրանավորումն է։

Ֆիլմը Netflix-ում հասանելի կլինի նոյեմբերի 13-ից։