Դիանա Տոնոյանը` աշնանային դիմահարդարման գույների, տենդենցների, մաշկի խնամքի և անձնական ծրագրերի մասին

Կորոնավիրուսի համավարակը լիովին փոխեց մեր կյանքը ու դա անդրադարձավ նաև կանանց արտաքին տեսքի վրա: Քանզի բոլորիս համար պարտադիր աքսեսուար դարձած պաշտպանիչ դիմակի տակից դեմքը չի երևում, գարնանից սկսած շատերը սկսեցին զերծ մնալ դեկորատիվ կոսմետիկայի օգտագործումից: Բայց քանի որ արդեն որոշ տեղերում` օրինակ, փոքր միջոցառումներին կարելի է ներկայանալ առանց դիմակի, կանայք սկսեցին կրկին հետաքրքրվել դիմահարդարումով:

Showbiz.am-ը զրուցել է դիմահարդար Դիանա Տոնոյանի հետ ու տեղեկացել դիմահարդարման աշնանային տենդենցների, այս եղանակին մաշկի ճիշտ խնամքի ու նորաձև գույների մասին, ինչպես նաև նրա ու դերասան Բեն Ավետիսյանի մոտակա ժամանակների հետ կապված անձնական ծրագրերի մասին: Դիանան նաև մեզ է տրամադրել իր կատարած նորաոճ դիմահարդարումների լուսանկարները, որոնք կարող են ոգեշնչման աղբյուր հանդիսանալ ձեր հաջորդ դիմահարդարումն անելիս:

Դիանան մեր ընթերցողների հետ կիսվել է այս տարվա աշնանային դիմահարդարման մոդայիկ տենդենցներով։ Նա պատմում է, որ դիմահարդարման տեսանկյունից այս աշնանը բավականին լայն ընտրություն է ընձեռնված աղջիկներին ու կանանց` ասելով. «Այս տարվա աշնանային դիմահարդարման տենդենցներից է նուրբ և «թաց» դիմահարդարումը: Սակայն, ավելի ընդգծված դիմահարդարում նախընտրողների համար նույնպես մոդայիկ տարբերակներ կան` ոսկեգույն ստվերաներկը, smoky eyes-ը, ինչպես նաև նեոնային երանգների օգտագործումը»։

Հարյուրամյակներ ի վեր, կանանց համար ամենակարևոր դիմահարդարման միջոցը շարունակում է մնալ շրթներկը` հատկապես արդեն դասական դարձած կարմիր գույնով: Դիանան` անդրադառնալով այս տարվա աշնան համար շրթներկերի ակտուալ երանգներին, նշում է. «Ուրախացնեմ կարմիր շրթներկ սիրողներին. 2020-2021 տարիներին նույնպես շատ ակտուալ է կարմիր գույնը, իսկ ավելի նուրբ շրթներկ սիրող կանանց և աղջիկներին խորհուրդ կտամ շրթներկերի gloss տարբերակները»:
Հարցին, թե ինչպես հոգ տանել մաշկի մասին աշնանը` այն շրջակա աշխարհի վտանգավոր ազդեցություններից պաշտպանելու համար, Դիանան պատասխանում է․ «Մաշկը միշտ է խնամք պահանջում` անկախ եղանակից: Իդեալական մաշկ ունենալու գաղտնիքը կայանում է նրանում, որ քնելուց առաջ պետք է անպայման դիմահարդարումը մաքրել, անգամ եթե շատ հոգնած եք: Չի կարելի այդ մի քանի րոպեն ափսոսալ սեփական գեղեցկության համար: Շատ կարևոր նախապայման է նաև մաշկը խոնավ պահելը, դրա համար պետք է մշտապես խոնավեցնող քսուքներ օգտագործել»։
Օգոստոսին Դիանա Տոնոյանն ու դերասան Բեն Ավետիսյանը նշանադրվեցին: Նրանց կյանքի այդ կարևոր օրվան ներկա էին զույգի ընտանիքի անդամները, հարազատները, ինչպես նաև հայտնի ընկերներն ու գործընկերները: Բենի և Դիանայի երկրպագուներն անհաբերությամբ սպասում են նաև գեղեցիկ զույգի ամուսնությանը: Դիանան չի ժխտում, որ մոտ ապագայի ծրագրերի մեջ մտնում է նաև ամուսնությունը, բայց ասում է. «Չեմ սիրում իրադարձություններից առաջ ընկնել և ժամանակից շուտ բարձրաձայնել անձնական ծրագրերը»:
Հեղինակ` Դիանա Զաքարյան