80 մլն դոլար. Բոտիչելիի 550-ամյա կտավը կհանվի աճուրդի (լուսանկար)

Միջազգային խոշորագույն Sotheby’s աճուրդի տունը 80 մլն դոլարով աճուրդի կհանի Վերածննդի վաղ շրջանի իտալացի գեղանկարիչ Սանդրո Բոտիչելիի կտավը, գրում է Reuters-ը։

Ինչպես հայտնի է «Մեդալիոնը ձեռքին երիտասարդը» դիմանկարը թվագրվում է 1470-1480 թվականներին։ Կտավի ներկայիս սեփականատերն այն գնել է 1982 թվականին՝ ավելի քան 1 մլն դոլարով։

Sotheby’s-ում կարծում են, որ ստեղծագործությունը կվաճառվի «80 մլն դոլարից ավելի» գումարով: Աճուրդի տան ներկայացուցիչների խոսքով՝ Բոտիչելիի այս կտավն ունի նախորդ ռեկորդը գերազանցելու բոլոր հնարավորությունները և «կարող է դառնալ աճուրդի տան պատմության մեջ 100 մլն դոլարի շեմը հաղթհարած հաջորդ կտավը»:

Ինչպես նշում է աղբյուրը, Կլոդ Մոնեի «Խոտի դեզը» կտավը 2019 թվականին Sotheby’s աճուրդում վաճառվել է 110,7 մլն դոլարով:

«Այս նկարը ոչ միայն Բոտիչելիի մեծագույն ստեղծագործություններից մեկն է, այլ նաև Վերածննդի ժամանակաշրջանի ամենահայտնի նկարներից մեկը: Առաջիկա տարիներին հազիվ թե այլ հնարավորություն ընձեռվի ձեռք բերել Վերածննդի դարաշրջանի նման նշանակալի ու գեղեցիկ կտավ»,- նկատել է աճուրդի տունը։