Նոր մանրամասներ «Վերջին ուսուցչից» հայտնի Վահագն Սամվելյանի առողջական վիճակի մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Վերջին ուսուցիչը» նախագծից լսարանին հայտնի դարձած երիտասարդ դերասան Վահագն Սամվելյանը ծանր վիրավորում է ստացել Արցախում:

Դերասանին վիրահատել են Մուրացան հիվանդանոցում, հիմա նա արհեստական կոմայի մեջ է: Նրա Ինստագրամի էջը ղեկավարող ընկերներից մեկը սթորի բաժնում պարբերաբար տեղեկություններ է հայտնում Վահագնի առողջական վիճակի մասին:

«Գիտեմ, բոլորդ եք անհանգստանում, բայց իմացեք` ինքը շատ ուժեղ է ու հաստատ ամեն ինչ լավ կլինի: Բժիշկներն ամեն ինչ անում են ու հաստատակամ են, որ ամեն ինչ լավ է լինելու, Վահագնի կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում»,- գրված է դերասանի Ինստագրամի էջի սթորի բաժնում:

Դերասանի մյուս ընկերները նույնպես հանդես են եկել գրառումներով: Դերասանուհի Վիկտորյա Սահակյանը սոցցանցերի իր էջերում գրել է. «Մեր Վահագ, մեր հերոս, մեր պայքարող, մեր պաշտպան, մեր անպարտելի, մեր արժանի զավակ, մեր հայաստանցի, մեր ամենաուժեղ, մեր կամք, մեր թևեր, մեր ազատություն: Ամբողջ սրտով ուզում եմ ապաքինվես, առողջանաս: Ամբողջ հոգով շնորհակալ եմ քեզ արիության, քաջության ու անպարտելի տեսակի համար: Սրտիս հերոս, ընկեր, տաղանդավոր մարդ, զինվոր»: