Արվեստի ոլորտի ներկայացուցիչները մարտի դաշտում. նրանք համալրում են կամավորների շարքերը

Արցախա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սանձազերծած բախումների ընթացքում մեր հայրենիքը պաշտպանում են ոչ միայն զինվորները, այլև բազմաթիվ կամավորներ, որոնց շարքերը համալրում են դերասաններ, նկարիչներ, երգիչներ և այլ մասնագիտությունների տեր հայրենասերներ:

Նրանցից շատերը ռազմաճակատ մեկնելուց առաջ ոգևորող  հրապարակումներ են արել համացանցում՝ հիշեցնելով՝ «մենք հաղթելու ենք»:

Երգիչ Արսեն Սաֆարյանը զինվորական համազգեստով լուսանկարներ է հրապարակել համացանցում՝ գրելով. «Մենք գնացինք»: Նա հավելել է, որ Արցախն ուժեղ է:

Ավելի վաղ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը հայտնել է, որ առաջնագիծ են մեկնել թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը և դերասան Վարշամ Գևորգյանը: Գրիգորյանը գրառման մեջ ասում է, որ Արմանը պատերազմի առաջին իսկ օրվանից սահմանին է կանգնած, Վարշամը կամավոր է գրվել, մեկնում է Արցախ։ «Այսպես է ծնվում ճշմարիտ արվեստը` սրտից: Հպարտանո՜ւմ եմ։ Շուտ հաղթեք ու վերադարձեք. արվեստում նոր հորիզոններ ունենք գրավելու»,-գրել է թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Երիտասարդ նկարիչ Շանթ Կարապետյանը սեպտեմբերի 29-ին իր հարյուրավոր հետևորդներին հայտնել է, որ հաջորդ օրն առաջնագծում կլինի: «Իրականում մեծ պատիվ է պաշտպանել պետական սահմանը:  Պատիվ էր նաև 17 ամիս լինել Թալիշի ամենավտանգավոր դիրքի ավագը: Հիշում եմ` յոթ տարի առաջ` օգոստոսյան խառը դեպքերի ժամանակ, մեզ օգնության եկան Թալիշի տղամարդիկ:  Գիտե՞ք` ոնց էինք դուխավորվել, գիտե՞ք` ոնց էինք ուրախացել: Հիմա էլ մեր հերթն է: Մենք պիտի կանգնենք մեր 18 տարեկան հզորների կողքին»,- ընդգծել է Շանթը:

Նա գրել է, որ  դեռ շատ անելիքներ կան, դեռ շատ նկարներ ունի չնկարված, բայց բոլորս մի պարզ բան պիտի հասկանանք` եթե չկա ազատություն, եթե չկա անկախություն, ոչինչ էլ իմաստ չի ունենում:

Հաղորդավար Եգոր Գլումովն էլ սեպտեմբերի 29-ին արված հրապարակման մեջ նշել է, որ դեռ այնտեղ չէ, որտեղ կցանկանար լինել. դեռ Երևանում է: «Ամենայն հավանականությամբ վաղն առավոտյան ճանապարհ կընկնենք: Այսքանը»,-գրել է նա, իսկ Գլումովի գործընկերը` Ժակը (Հակոբ Պապիկյան), տեղեկացրել է, որ  Գլումովը կամավորագրվել է Արցախ մեկնելու համար: «Ապրիլյանին էլ Ճամբարակում էր: Նրա գործողությունները միշտ հստակ ու համեստ են, բայց մշտապես հիացնող՝ իրենց բովանդակությամբ: Բոլորս էլ, ըստ մեր ունակությունների ու բանակի անհրաժեշտության, պիտի կռվենք հանուն հայրենիքի: Ընդհանրապես, Գոռի Օ.Գ.Գ.-ն Հայաստանի ու ամբողջ մարդկության համար անասելի բարձր է: Պրն. մայոր, ՊԱՏԻՎ ունեմ: Աստված մեզ պահապան»,-գրել է հաղորդավարն ու շեշտել, որ հաղթելու ենք:

Դերասան Գևորգ Գրիգորյանն էլ ռազմաճակատ է մեկնել սեպտեմբերի 27-ից: Նա համացանցում գրել է. «В бой идут одни старики!
Մեզ բացակա չդնեք»։