Նարեկ Դուրյանը սփյուռքահայերին հորդորում է ավելի մեծ եռանդով միանալ հայրենիքի փրկությանը

Դերասան, ռեժիսոր, «Բոհեմ» թատրոնի հիմնադիր Նարեկ Դուրյանը, դիմելով սփյուռքահայերին, կոչ է անում բոլորին համախմբվել և ավելի մեծ եռանդով միանալ հայրենիքի փրկության գործին:
«Բոհեմ» թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակված տեսանյութում Դուրյանը շեշտում է, որ հատկապես այսօր սփյուռքի ակտիվ աջակցությունը բոլորիս համար չափազանց կարևոր է:

Ես երբեք չեմ կասկածել սփյուռքահայերի նվիրվածությանը: Շատերը գիտեն, բայց ուզում եմ կրկին պատմել: Տարիներ առաջ Ֆրանսիայում բնակվող ընկերներիցս մեկը  մի մեծ կաշվե տոպրակի մեջ հորթի արյուն է լցնում, եղբոր հետ նստում են մոտոցիկլը և արյունով պարկը ձեռքներին քշում դեպի թուրքական դեսպանատուն: Հենց թուրք դեսպանը դուրս է գալիս, միանգամից մոտենում են, և ընկերս ամբողջ արյունը շփում է նրա վրա: Դա տեղի է ունենում ապրիլի 24-ից մի քանի օր առաջ»,-պատմում է դերասանը:

Նա վերհիշում է ևս մեկ պատմություն: «Կնոջս հայրը, որը մեծ գործարան ուներ, մի տուփի մեջ ծիրաններ է դնում, Արարատի նկարը և պատմական Հայաստանի քարտեզը, որի վերևում գրում է, որ Աստված ստեղծեց ծիրանը Հայաստանում: Քանի որ գործարանը բավականին մեծ էր և շատ հաճախորդներ ուներ, Ֆրանսիայի գրեթե բոլոր սուպերմարկետներում տուփը վաճառվում էր: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ պրոպագանդա էր: Մի օր թուրք դեսպանը զանգահարում է աներոջս ու հարցնում, թե ո՞ր Հայաստանի մասին է նա ակնարկում: Դեսպանը նշում է, որ իրենք՝ թուրքերը, ընդամենը մեկ Հայաստան գիտեն՝ Սովետական Հայաստանը: Աներս էլ իր հերթին է հարց հնչեցնում. եթե դեսպանը միայն մեկ Հայաստանի մասին գիտի, ո՞ր մի Հայաստանի մասին է ակնարկում: Ուրեմն երկրորդ Հայաստանն էլ լավ գիտի»,-հետաքրքիր պատմությունը ներկայացնում է Նարեկ Դուրյանը:

Նա ընդգծում է՝ սփյուռքում բազմաթիվ նման մարդիկ կան, ուստի մենք կորած չենք:

Դուրյանի համոզմամբ՝ հայերը ներկայումս գոյության համար շատ կարևոր օրեր են ապրում: Նա վստահ է՝ հաղթելու ենք, բայց անհրաժեշտ է, որ սփյուռքն առավել համախմբված մեզ օժանդակի, որպեսզի ոչ թե մենք միանանք նրանց, այլ սփյուռքահայերը վերադառնան Հայաստան:

«Համբուրում եմ բոլորիդ»,-եզրափակում է Դուրյանը: