«Աղոթում եմ, որ երկու երկրներում էլ բռնություններն ավարտվեն». Էլթոն Ջոնի նոր գրառումը` Հայաստանին աջակցող գրառումը հեռացնելուց հետո

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, բրիտանացի հայտնի երգիչ, երգահան և դաշնակահար Էլթոն Ջոնը երեկ գրառում էր արել և իր զորակցությունն էր հայտնել Հայաստանին: Նա գրել էր, որ Հայաստանն ու Արցախը այժմ ենթարկվում են ադրբեջանական-թուրքական ինքնաբուխ հարձակումների:

Ժամեր անց Էլթոնն իր էջից հեռացրել էր հրապարակումը կամ թաքցրել: Թե ինչու էր երգիչն այդպես վարվել, պարզ չէր: Քիչ առաջ երգիչը նոր գրառում է արել, որում ասվում է.

«Ես խորապես ցավում եմ՝ տեսնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական կոնֆլիկտը տարիներ շարունակ տևած խաղաղությունից հետո: Անձնապես եղել եմ երկու երկրներում էլ ու երկուսում էլ արժանացել եմ ջերմ ընդունելության։ Կործանարար է երկու կողմից էլ շատ զոհեր տեսնելը: Սիրտս կոտրվում է` տուժած ընտանիքները տեսնելով: Աղոթում եմ, որ երկու երկրներում էլ բռնություններն ավարտվեն»։

Նշենք, որ առաջին գրառման մեջ նա գրել էր. «Կարմիր լուսանկար տեղադրելով` ես այսօր միանում եմ Հայաստանի համար խաղաղություն ցանկացող մյուս մարդկանց: 2018-ի մայիսին ես այցելեցի այդ գեղեցիկ երկիր և ողոված էի իմ հանդեպ հայ ժողովրդի բարությամբ ու մարդասիրությամբ: Այժմ Հայաստանն ու Արցախը ենթարկվում են ադրբեջանական-թուրքական ինքնաբուխ հարձակումներին: Քաղաքացիական անձիք են թիրախավորվում, երկու կողմերում էլ զոհեր կան: Հայերը լավ մարդիկ են և արժանի են կայուն խաղաղության`տարիների պատմական հալածանքներից հետո»: