Հայաստանն օգնության կարիք ունի. Քորթնի Քարդաշյանը կոչ է անում դատապարտել Ադրբեջանին և Թուրքիային

Աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը իր բազմամիլիանոց հետևորդներին հորդորել է դատապարտել Ադրբեջանին ու Թուրքիային և աջակցել Հայաստանին:

Քորթնին Ինստագրամի իր պաշտոնական էջի Stories բաժնում Հայաստանում արված մի քանի լուսանկար է հրապարակել և գրել, որ Հայաստանն օգնության կարիք ունի:

«Արցախի հայերն Ադրբեջանի կողմից ենթարկվում են հարձակման: Այդ մասին անհրաժեշտ է տեղեկացնել միջազգային հանրությանը, լրագրողներին, մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություններին և կառավարություններին»,- նշել է Քորթնին ու հավելել, որ Արցախի հայերն այժմ կանգնած են էթնիկ զտման եզրին:

Քորթնին ընդգծել է, որ անհրաժեշտ է վերջ տալ մարդկության դեմ ուղղված հանցագործությանը: «Մենք պետք է հորդորենք մարդկանց հիմա կապ հաստատել  ԱՄՆ ներկայացուցիչների հետ՝ Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները դատապարտլու համար»,- շեշտել է հեռուստաաստղը: