«Սա հայերի բնաջնջումն է մայրենի Արցախից»․ Քորթնի Քարդաշյան

Ամերիկահայ հեռուստաստղ Քորթնի Քարդաշյանն Ինստագրամի իր էջի սթորի բաժնում հրապարակումներ է արել` իր զորակցությունը հայտնելով Հայաստանին և Արցախին: Հրապարակումներից առաջինում Ծիծեռնակաբերդի լուսանկարն է, որին կից գրված է` «Հայաստանն օգնության կարիք ունի»:

Հաջորդ հրապարակումներում գրված է.«Արցախի հայությունը Ադրբեջանի կողմից հարձակումների է ենթարկվում: Մենք կարիք ունենք արթնացնել համաշխարհային հանրությանը, լրագրողներին, մարդու իրավունքները պաշտպանող կազմակերպություններին և կառավարություններին` կապված անառարկելի հարձակումների հետ: Սա հայերի բնաջնջումն է մայրենի Արցախից: Մենք հնարավորություն ունենք դադարեցնելու մարդկության դեմ այս ոճրագործության զարգացումը: Մենք կարիք ունենք իրենց կառավարության շենքերի դիմաց մարդկանց հանրահավաքների, որպեսզի նրանց ներկայացուցիչները դատապարտեն Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները»:

Քորթնին նաև տեղադրել է Համահայկական հիմնադրամին փոխանցում անելու հղումը և կոչ արել օգնել Հայաստանին` մարդասիրական բոլոր ջանքերով: Նա նաև լուսանկար է տեղադրել նախորդ տարի Էջմիածնի Մայր տաճարում իր, Քիմի և իրենց երեխաների մկրտության արարողությունից, որի վրա գրել է` Հայաստանն օգնության կարիք ունի: