«Մանկական Նոր ալիք»-ում Արցախից Անի Պետրոսյանը զբաղեցրել է 5-րդ, Հայաստանի մյուս ներկայացուցիչ ռուսաստանաբնակ Էլեն Բադալյանը՝ 3-րդ տեղը

«Մանկական Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում այս տարի Հայաստանի ներկայացաուցիչներից է 10-ամյա Անի Պետրոսյանն Արցախից: Անին զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ Հայաստանը ներկայացնող մյուս մասնակիցը` ռուսաստանաբնակ Էլեն Բադալյանը՝ 3-րդ հորիզոնականը:

Tert.am Life-ի հետ զրույցում նրա պրոդյուսեր, «Արցախի ձայներ» երաժշտական նախագծի գեղարվեստական ղեկավար Լիրա Քոչարյանն ասաց, որ Անին առաջին օրը լավ երգեց, բայց նրան շատ ցածր են գնահատել. «Երեկ էլ միջին գնահատականներ ստացավ, երեկ այնքան էլ լավ չերգեց, բայց առաջին օրը լավագույններից մեկն էր: Արդյունքում Անին 5-րդ հորիզոնականում է, բայց ամեն հաջորդ և նախորդ տեղերը զբաղեցրած մասնակիցների միավորների միջև ընդամենը 1 միավորի տարբերություն է»,- ասել է նա:

Լիրա Քոչարյանն ընդգծել է` չնայած այն փաստին, որ Անին 5-րդ հորիզոնականում է, իրենց ուրախացնում է փաստը, որ Հայաստանը ներկայացնող մյուս մասնակիցը` 13-ամյա Էլենը, 3-րդ հորիզոնականում է: «Առաջին և երկրորդ տեղերում Ռուսաստանի ներկայացուցիչներն են: Էլենին գիտեմ «Ռուսաստանի ձայնը» նախագծից, որին նա և Միշան մասնակցում էին, բայց Էլենը եզրափակիչ փուլ չանցավ, Միշան անցավ: Ամեն դեպքում, երկու տեղ ենք գրավել, 3-րդ, 5-րդ»,- նշել է Լիրան:

Հիշեցնենք, որ մրցութային առաջին օրը, որպես համաշխարհային հիթ, Անին ներկայացրել է «Dance monkey» երգը, իսկ երկրորդ օրը Միշա Գրիգորյանի «Մամա»-ն: Լիրա Քոչարյանը նաև նկատել է, որ մրցույթին մասնակցում էր երգչուհի, ով Ռուսաստանը պետք է ներկայացնի «Մանկական Եվրոտեսիլ» երգի մրցույթում ու նա չպետք է ցուցակի վերջում լինի, թեև ինքը կարծում է, որ ձայնային հզոր տվյալներ երգչուհին չունի