«Կներես, եղբայր, որ քեզ չկարողացանք պաշտպանել»․ Նազենի Հովհաննիսյանի նոր գրառումը

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառում է կատարել։
«Փողոցով մի պատանի անցավ, 13 տարեկան հազիվ լիներ.. .հեծանվով էր, թափքին` շատ մեծ կարմիր առաքման արկղը, իր նիհարիկ մարմնով ամբողջ ուժով առաքումն էր տեղ հասցնում… լարված ու կենտրոնացած: Պատերազմ է:
Շենքիս մոտ ծխախոտի համար մեծ ամաններ… պատանիներ` իրար գլխի հավաքված…ընկերոջն են գտել… հերոսացած:

Իմ վերևի հարկում ապրել է Հերոս: Այսօր առաջին անգամ ծանոթացա հարևաններիս` նրա ծնողների հետ. եռագույնին հենված մայրը… վշտից քանդված ու լռած… Զուսպ ու բազմաքանակ մարդկանց լռությունից էլ ավելի զսպված` հայրը: Իսկ մարդիկ հոսում էին… իրենց ցավերով ու վշտերով հոսում էին դեպի պառկած եռագույնը… ասես ներում հայցելով…
Ես էլ… միայն կարողացա ասել կներես: Ցավակցում եմ: Բայց մենք ախր ցավակից չենք, այլ ցավամեջ: Բոլորս նույն ցավի մեջ ենք, ցավն էլ մեզ հետ ներաճած: Էլ չի բաժանվում… ցավամեջ”

Իմ վերևի հարկում ապրում էր սովորական մի հերոս, որին տեսա եռագույնով պատված, թիկնեղ, ամրակազմ ու կյանքով լի Սամվել Խաչատրյանը իմ ու քո, մեր Երկրի հերոսներից է, ամեն մեկս մեր կողքին, մեր տանը, վերևի կամ կողքի շենքի հարևանի տանն ունենք հերոս:
Սովորական կյանքի սովորական տղերք, որոնք պարզվում է՝ արտասովոր էին… Կներես, եղբայր, որ քեզ չկարողացանք պաշտպանել…»։