«Տարեդարձիս լավագույն նվերը». Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանն այսուհետ կկիրառի «Հայոց ցեղասպանություն» խորագիրը

Աշխարհահռչակ հեռուստաաստղ, գործարար և մոդել Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում տեղեկացրել է, որ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանն այսուհետ կկիրառի «Հայոց ցեղասպանություն» խորագիրը: Նախկինում այնտեղ առկա գրքերը, տարբեր աղբյուրները ներկայացված էին «Հայկական կոտորածներ» խորագրի ներքո:

Քիմն իր ինստագրամյան էջի Stories բաժնում հրապարակումներ է արել ու գրել. «Տարեդարձիս լավագույն նվերը: Այսօր ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը հայտարարել է, որ կկիրառի «Հայոց ցեղասպանություն» խորագիրը: Այս նշանակալի լուրի մասին հայտարարվեց ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից գրեթե մեկ տարի անց և Արցախի հայերի նկատմամբ վերջին կործանարար հարձակման ֆոնին: Միասին մենք շարունակում ենք աղոթել այս դժվարին իրավիճակում այն բոլոր տղամարդկանց, կանանց, երեխաների համար, որոնք տուժել են պատերազմից: Մենք մեկ գլոբալ հայ ազգ ենք»:

Մեր հայրենակցուհին իր երախտագիտությունն է հայտնել Կոնգրեսի գրադարանի աշխատակիցներին, Կոնգրեսի անդամներին հայերի պաշտպանությանն ուղղված մեծագույն ջանքերի համար: