«Թուրքիան և Ադրբեջանը փորձում են նոր ցեղասպանություն իրագործել հայերի հանդեպ». «Թղթե տունը» սերիալի դերասան Հովիկ Կեուչկերյանի հարցազրույցը՝ իսպանական El confidencial digital կայքին

Իսպանական El confidencial digital կայքը իսպանահայ դերասան Հովիկ Կեուչկերյանի հետ հարցաղրույց է արել Արցախի պատերազմի մասին։

Հովիկն Արցախում տեղի ունեցող դեպքերը բնութագրել է րպես ցեղասպանություն և դիմել միջազգային հանրությանը` օգնության խնդրանքով: Հովիկի համար Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև տեղի ունեցածը ոչ թե կոնֆլիկտ է, այլ ագրեսիա և ներխուժում հայկական հողեր:

Հովիկը կայքին ասել է, որ կա երկու հրեշ` Թուրքիան և Ադրբեջանը. «Հակառակորդն ունի նավթ, Հայաստանից ավելի ուժեղ է և տարածում է կեղծ ինֆորմացիա: Այս ամենի դեմ պայքարելն ասես նման լինի «Ռեալ մադրիդ»-ի և դպրոցականների միջև ֆուտբոլային հանդիպմանը: Այս ամենի դեմ հնարավոր չէ պայքարել, անհրաժեշտ է միջազգային հանրության օգնությունը»:

Հովիկը նաև անդրադարձել է 1915 թվականի հայերի Ցեղասպանությանը: Նա ասել է, որ երբ պատիժ չի լինում, իրադարձությունները կարող են կրկնվել. «Թուրքիան մինչև հիմա չի ընդունում, որ հայերի դեմ Ցեղասպանություն է իրագործել: Հիմա` այս համաճարակի ժամանակաշրջանում, ոչ ոք ժամանակ չունի հայերի մասին խոսելու և հիշելու համար»:

Դերասանն ընդգծել է, որ Հայաստանի և Արցախի բնակչությունը 3 150 000 է, Թուրքիայինն ու Ադրբեջանինը` 92 մլն. «Թուրքիան ու Ադրբեջանն ունեն Հայաստանի բանակից 25 անգամ ավելի հզոր և տեխնիկապես զարգացած բանակ: Արցախի դեմ են կռվում վարձկան ահաբեկիչները: 3 մլն հայեր ուղղակի ցանկանում են խաղաղ ապրել իրենց հայրենքիում, բոլոր հայերի սուրբ հայրենիքում, բայց երևում է` մենք դրա իրավունքն էլ չունենք: Մինչև այսօր էլ Էրդողանի Թուրքիան չի ընդունել Հայոց Ցեղասպանությունը և շարունակում է զբաղեցնել ի սկզբանե հայկական տարածքների 80 տոկոսը, այդ թվում` Արարատ լեռը, որը մեր սրբազան լեռն է և միշտ էլ մերը կմնա»։

Դերասանը խոստովանել է, որ երկու շաբաթ է` դժվար կացության մեջ է. այն բանից հետո, երբ տեսանյութ է հրապարակել, որում բարձրաձայնում է հայրենակիցների հետ տեղի ունեցողի մասին, հասկանում է, որ մեծ վտանգի է ենթարկում իրեն, ստիպված անվտանգության աշխատակիցների հետ շրջել։