Երևանում բարեգործական համերգի ընթացքում կհնչեն Կոմիտաս, Սամյուել Բարբեր. հասույթը կուղղվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»

«Զինվորի կողքին». նոյեմբերի 8-ին Երևանի կենտրոնում կայանալիք բացօթյա համերգի ընթացքում կհնչի Կոմիտաս, Սամյուել Բարբեր և այլն։ Հավաքված գումարը կուղղվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»։

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումը տեղեկացնում է, որ Հայաստանը աշխարհի լավագույն բեմերում ներկայացնող «Հովեր» պետական կամերային երգչախումբը «Զինծառայողնեի ապահովագրության հիմադրամի» աջակցման բարեգործական համերգին կներկայանա հետեւյալ ծրագրով` Սամուել Բարբեր՝ «Գառն Աստուծո», Օլա Գժելյո՝ «Սուրբ», Կոմիտաս՝ «Ծիրանի ծառ»։ Խմբավարը Սոնա Հովհաննիսյանն է։

«Կոմիտաս» ազգային քառյակը համերգին կներկայացնի՝ Կոմիտաս-Ասլամազյան՝ Հայկական ժողովրդական մանրանվագներ։ Գեղարվեստական ղեկավարն Էդուարդ Թադեւոսյանն է։

Համերգին կմասնակցեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարների անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան), երգիչ, երգահան Վահան Արծրունին, դուդուկահար Նորայր Քարտաշյանը, ակուստիկ դուետ՝ Լիլիթ Բլեյանը ու Տիգրան Տեր-Ստեփանյանը եւ դերասան Արթուր Կարապետյանը։

Հիշեցնենք՝ համերգը տեղի կունենա Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիներին կից բաց տարածքում, ժամը 12:00-ին (կիրակնօրյա Ս. Պատարագից հետո)։