«Համոզված եմ՝ կհաղթենք». Լևոն Արոնյանն իրականացրել է «Մատ տեռորին» միջոցառումը

Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում այսօր տեղի ունեցավ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի և արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանի բարեգործական նախաձեռնությունը՝ «Մատ տեռորին» խորագրով։ Նրանք անցկացրին միաժամանակյա խաղի սեանս՝ Արցախից և Հայաստանից ընտրված 20 տաղանդավոր երեխաների հետ։

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը վստահ է` չարին հաղթելու ենք։
«Կարծում եմ, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարենք։ Մեր դեմ կիրառվում են անմարդկային և ամենադաժան, դժոխային ուժեր, որոնց պետք է հաղթենք։ Պատերազմը մշակութային պատերազմ էլ է, և Անդրանիկի կողքին պետք է Կոմիտաս, Մինաս Ավետիսյան։ Հաղթելու ենք»,–ասաց Արոնյանը։

Նշենք, որ սեանսից հետո տեղի ունեցավ Լևոն Արոնյանի մոր՝ Սեդա Արոնովայի հեղինակած «Լևոն Արոնյան» գրքի անվանական ստորագրումն ու վաճառքը։ Միջոցառումներից ստացված հասույթն ամբողջությամբ  փոխանցվեց «Հայաստան համահայկական հիմնադրամին»։