Մենք երեխա չունենք, որ տանեք, զոհեք 10-20 տարին մեկ՝ տալով և վերցնելով․ Գոհար Հարությունյան

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009» Գոհար Հարությունյանը, ով 5 երեխաների մայր է, իր երկու որդու լուսանկարն է հրապարակել և անդրադարձել այս օրերին տիրող իրավիճակին ու դրանից բխող մայրական վախերին:

«Յուրաքանչյուր տղա երեխա ունեցող մոր մոտ հիմա մայրական բնազդ է արթնացել: Ինչպե՞ս անել, որ մեր երկրում խաղաղություն լինի: Որ 18 տարեկան բոլորած տղայիդ չվերցնեն, չտանեն դարձնեն «հայրենիքի համար զոհված հերոս»:

Յուրաքանչյուր որդեկորույս մայր մի բան է մտածում` ինչպե՞ս կարող էր կանխել այս ողբերգությունը: Նախկինների կոռուպցիայի, ներկաների, մեղմ ասած, սխալների պատճառով մոտ 5000 զո՞հ, երբ վստահ կարելի էր կանխել ․․․ վստահ կարելի էր խուսափել ․․․

Ոչ մի ռազմագետ, քաղաքագետ չկանգնեցրեց, չահազանգեց, չասաց` չի ստացվելու պահել, կանգնեցրեք այս սպանդը ․․․ Հիմա էլ ասում են եկեք 10 տարի զինվենք, գնանք հետ վերցնենք ․․․ Մենք երեխա չունենք, որ տանեք, զոհեք 10-20 տարին մեկ՝ տալով և վերցնելով: Իրենք մարդ են, հասկանո՞ւմ եք, սիրո, հոգատարության և ծնողական պաշտպանության կարիք ունեցող:

Քաղաքագետները դրա համար են աշխատավարձ ստանում, որ թշնամու հետ լեզու գտնեք, խնդիրներին լուծումներ տան, ոչ թե ուրիշի երեխայի կյանքի հաշվին հիստերիկ և կտրուկ քայլերի գնան:  Գտե՛ք այն ղեկավարին, ով մեզ կհանի այս մղձավանջից և կօգնի վերջապես ստեղծել հզոր և խաղաղ հայրենիք: Մենք ուզում ենք ապրել և արարել մեր հայրենի հողում ․․․»,- գրել է նա: