«Հայրենիքի միայն հաղթանակները չէ, որ մերն են, մերն են նաև պարտությունները»․ Թամարա Գևորգյանը՝ պատերազմի ընթացքում կամավորական աշխատանքի ու արախցիներից լսած պատմությունների մասին

Դերասանուհի Թամարա Գևորգյանը սեպտեմբերի 27-ից ակտիվ գործունեություն է ծավալում պատերազմի թիկունքում՝ օգնելով ռազմական գործողությունների պատճառով հայրենի բնակավայրերը թողած արցախցիներին։ Իր ֆեյսբուքյան էջում դերասանուհին առավոտից մինչ կեսգիշեր հանդես էր գալիս հայտարարություններով ու անպատասխան չէր թողնում ոչ մի արցախցու նամակ ու խնդրանք։

«Պատերազմի բոթը լսելուն պես առաջին միտքը, որ ունեցել ենք, եղել է սահման գնալը և ամեն կերպ օգնելը»,-Showbiz.am կայքի հետ զրույցում պատմում է Թամարան ու հավելում,-«Թույլ չտվեցին` բացատրելով, որ թիկունքում ավելի պիտանի կլինենք: Տեսանք, որ արցախցի կանայք են գալիս Երևան, ու օր օրի հոսքն ավելանում է: Որոշեցի պահեստ բացել, խոսեցի, քննարկեցի ընկերներիս հետ և սկսեցինք այսպես ասած՝ աշխատանքը։ Անկեղծ ասած՝ մենք ինքներսս էլ պահ է լինում, որ մտածում ենք, թե ինչպես ենք կարողանում հասցնել: Կարողանում ենք, քանի որ գիտենք գործի նպատակը: Ընկերներս կողքիս են և կամավոր հիմունքներով աշխատում են ինձ հետ միասին»:

 

Թամարան մտաբերում է մի պատմություն, որն այդ լարված ժամանակներում թույլ չէր տալիս իրեն թևաթափ լինել ու ոգեշնչում էր աշխատանքը շարունակելու հարցում․ «Արցախցիների մասին պատմությունները, իսկապես, շատ են և մեկը մյուսին հակասող: Անկեղծ կասեմ, մի պահ հուսալքվել էինք, մտածում էինք, որ չենք կարողանա, էլ ուժ չունենք, և հենց այդ օրը Արցախցի կանայք եկան օգնություն ստանալու, և ես լսեցի այդ կնոջ հեռախոսային խոսակցությունը ամուսնու հետ: Կինն ասաց, որ ամուսինը թողնի Ստեփանակերտը և գա իր ընտանիքի, իր չորս երեխաների մոտ: Ամուսնու պատասխանն ինձ նոր թափ տվեց չհանձնվելու: Ասաց. «Էդտեղ չորսն ունեմ, էստեղ երեսուն երեխա ունեմ, ում թողեմ գամ»:

Չնայած որ կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվն օրեցօր աճում է, Թամարան, ամեն օր շփվելով տասնյակ ու անգամ հարյուրավոր մարդկանց հետ, հավատացնում է, որ վիրուսից չի վախենում ու կատակելով նշում է․ «Մեր ամենօրյա հումորներից է դարձել կորոնավիրուսի թեման, մտածում ենք, որ մեզ չի սպառնում, տեսնում է, որ շատ կարևոր գործ ենք անում, չի ցանկանում խանգարել»:
Դերասանուհին նվիրված աշխատանքի համար շնորհակալություն է հայտնում իր թիմի անդամներին՝ Վարդան Նահապետյան, Իննա Կարապետյան, Արման Եփրեմյան, Արման Նավասարդյան, Նորայր Դովլաթյան, Մարինա Անտոնյան, ովքեր կամավորական սկզբունքով ողջ պատերազմի ընթացքում անմնացորդ նվիրվել են այդ գործին։

Դերասանուհին կիսվում է, թե ինչպիսի ապրումներ ուներ, երբ իրեն հասավ մեր պարտության բոթը։
«Չէի հավատում, մինչև այսօր էլ չեմ հավատում: Ինչ-որ ներքին վստահություն ունեմ, որ ամեն բան դեռ չի ավարտվել, և մենք իրավունք չունենք թևաթափ լինելու, մենք Աստծուց սերած ազգ ենք։

Հայրենիքի միայն հաղթանակները չէ, որ մերն են, մերն են նաև պարտությունները։

Լուրը լսելուց հետո պապանձվել էի, չէի հավատում, ոչ մի վայրկյան թույլ չէի տվել ինձ նման արդյունքի մասին մտածել ու ամբողջ ժամանակ ուղեղումս միայն մեր զոհերն էին, մեր շշմելու հերոսները, խոնարհվում եմ բոլորի առաջ…։ Ինքս ընկեր ունեմ, ում մասին հոկտեմբերի 15-ից ցայսօր նորություն չունենք և հույսով սպասում ենք:

Ու չէր կարելի պարտությունից հետո նեղանալ հայրենիքից, ինչպես արեցին շատերը…»:

Իր խոսքը դերասանուհին եզրափակում է՝ նշելով․ «Խնդրում եմ՝ ոչ մի պահ, ոչ մի վայրկյան մի կորցրեք ձեր հույսը: Ես վստահ եմ՝ ազգիս միասնական ու անկոտրում տեսակը երբեք չի հանձվի: Մեզ ուղղակի համբերություն է պետք և մեծ հավատ, որ ամեն բան լավ է լինելու:

Գրկում եմ յուրաքանչյուր, յուրաքանչյուր արցախցու..գրկում եմ յուրաքանչյուր մարդու, ում տուն պատերազմ է մտել….ու ինչքան կկարողանամ՝ կօգնեմ»։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան