Last September. Ձայնը և Դեպի Եվրատեսիլ նախագծերից հայտնի Հասմիկ Շիրոյանի նոր երգը` նվիրված Արցախյան պատերազմում զոհված հերոսներին

Ուկրաինական «Ձայնը» և հայկական «Դեպի Եվրատեսիլ» նախագծերից հայտնի երգչուհի Հասմիկ Շիրոյանը նոր տեսահոլովակ է թողարկել` Last September երգի հիման վրա, որը երգչուհին նվիրել է Արցախյան պատերազմում զոհված հայ զինվորների հիշատակին: Անգլալեզու երգը Հասմիկը հեղինակել է Միահ Մարի Լանգսթոնի հետ միասին, տեսահոլովակի ռեժիսերը Մարիա Պերլիֆոնովան է:

Ինստագրամում հրապարակված հոլովակին կից Հասմիկը գրել է.

«Այս երգը գրել եմ մեկ ամիս առաջ. որոշ ժամանակ պահանջվեց, որպեսզի կարողանամ ապրել այս ամենի հետ…

Ինձ համար դժվար էր այս էմոցիոնալ տողերը գրելը, և միայն այն ժամանակ, երբ ցավը սովորական բան դարձավ ինձ համար, ես կարողացա ավարտել այն, վերարտադրել ու երգել»:

Երգչուհին նաև խորհուրդ է տվել հետեւորդներին գնահատել ամեն օրն ու սիրելիներին, քանի որ «պատերազմն ամենավատ բանն է».

«Չեմ կարող նկարագրել, թե ինչ ցավ եմ ապրում այն մայրերի համար, որոնք կորցրել են իրենց որդիներին, եւ այն ընտանիքների համար, որոնք կորցրել են ամուսիններին կամ եղբայրներին:

Պատերազմն ամենավատ բանն է, որը կարող է մեզ հետ պատահել: Գնահատեք ձեր ապրած ամեն մի օրը եւ այն մարդկանց, ում սիրում եք: Ոչ ոք չգիտի, թե վաղն ինչպես կարթնանա»,- նշել է երգչուհին: