«Ամեն առավոտ շունչս պահած էի ձեռքս վերցնում հեռախոսս, մինչև որ…». Արմինկա

Ամերիկայի Միացյալ Նահագներում բնակություն հաստատած երգչուհի Արմինկան Ինստագրամի իր էջում գրառում է արել Շուշիի մասին և վերհիշել 1994 թվականին իր առաջին այցը Շուշի:

«Շատ պարզ հիշում եմ առաջին հանդիպումս քեզ հետ:
1994-ն էր, պատերազմը նոր էր ավարտվել, դեռ 21 չկայի: «Հայեր» խմբով առաջին անգամ ոտք էինք դրել Արցախի հողի վրա՝ համերգներով քաջալերելու հաղթանակած ու ծառայող հայ զինվորներին: Հիշում եմ՝ ինչպես էի քարացել քո վեհությունից ու գեղեցկությունից, իսկ երբ հայտնվեցի պատերիդ ներսում, մարմնովս սարսուռ անցավ: Պատերդ մինչև գմբեթի տակ ծածկված էին շուն թշնամու լեզվով խզբզած անարգ խոսքերով: Բայց դու այնքա՜ն վեհ էիր ու այնքա՜ն վստահ, քանի որ քո ժողովրդի ձեռքում էիր արդեն:

Իսկ հետո, ամեն քեզ այցելելիս, սիրտս ցնծությամբ էր լցվում, կողքիդ կանգնելիս անասելի հպարտություն էի ապրում: Զգում էի, որ թշնամին չի շրջանցելու քեզ, շատ ուժեղ էր զգացողությունս: Ամեն առավոտ շունչս պահած էի ձեռքս վերցնում հեռախոսս, մինչև որ…

Երանի այդչափ սիրահարված չլինեի հողին, որի վրա կանգնած ես, թեև, ի՞նչ եմ խոսում: Այդ սիրահարվածությունն ինձ պիտի ստիպի, որ տենչամ քեզ, որ սպասեմ մեր հաջորդ հանդիպմանը, որպեսզի ծնկի իջնեմ խորանիդ առջև ու ասեմ՝ կներե՛ս, թագուհի»,- գրել է երգչուհին:

Իր էջի սթորի բաժնում Արմինկան վերահրապարակել է իր գրառումն ու ավելացրել, որ չի կարողացել նշել տեղանքը, քանի որ արդեն նշվում է ՝ Շուշա, Ադրբեջան: