Ամենածանր բանն է, երբ զինվորը հերոսի պես կռվում է, հանկարծ իրեն մենակ են թողնում. Վարդան Պետրոսյան (տեսանյութ)

Իրավունք չունենք զինվորին մենակ թողնել, պետք է օրուգիշեր մտածենք, օր առաջ կարողանանք օգնել նրանց այնտեղից բերել: Ամենածանր բանն է, երբ զինվորը հերոսի պես կռվում է, հանկարծ իրեն մենակ են թողնում: Այս մասին մտավորականնենրի հանրահավաքից հետո լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Վարդան Պետրոսյանը:

Նա նշեց՝ հավաքը քաղաքական չէ: «Շատերը գուցե քաղաքական երանգ են տեսնում, կամ մտավախություններ ունեն: Թող չվախենան: Միգուցե այդ մտավախությունների պատճառով է, որ այնքան շատ մարդ չկար, ինչքան կարելի էր սպասել, բայց ես վստահ եմ, որ մարդիկ կշատանան՝ հասկանալով, որ պետք է մասնակցեն՝ օգնելու զինվորներին ու նրանց ընտանքիներին, որոնք ծանր հոգեվիճակում են»,-ասաց դերասանը:

Նրա դիտարկմամբ՝ հասարակության մեջ պառակտում կա, և դա ամենավտանգավոր բաներից մեկն է: «Չեմ կարող ասել՝ որտեղից սկսվեց: Վտանգավոր բանն այս պահին մեղավոր փնտրելն է, պետք է լուրջ վերլուծություն անել: Պարտությունից հետո այդպես լինում է: Պետք է կարողանալ պարտվել»,-ասաց դերասանը:

Հարցին էլ՝ չկա՞ն պատասխանատուներ, Պետրոսյանն արձագանքեց՝ պետք է վերլուծություններ կատարել: «Նման պարագաներում, հեքիաթներ չպատմենք, բնականաբար առաջին պատասխանատուն մնում է կազմակերպիչը, իշխանությունը»,-ասաց նա:

Հարցին՝ այս հարցով համախմբում կլինի՞, Պետրոսյանը պատասխանեց. «Երբեմն ցավը հասնում է այն աստիճանի, որ մենք ստիպված համախմբվում ենք: Ցավով եմ ասում, բայց ցավը կարող է այն աստիճանի ուժեղանալ, որ մենք ուրիշ բանի մասին չմտածենք, որովհետև այսպիսի դաժան պարտությունից, կապիտուլյացիայից հետո անգամ, երբ տեսնում ես՝ մարդիկ ինչերի մասին են մտածում, իրար ինչերի մեջ են մեղադրում, ավելի վատին ես սկսում սպասել»,-ասաց նա:

Հարցին՝ ինչ է պետք անել պարտությունից հետո, Պետրոսյանն արձագանքեց, որ պարտությունից հետո նախ պետք է հասկանալ, որ պետք է ապրել. «Ապրելը նաև պարտականություն է, սա շատ կարևոր բան է: Ապրել նաև վատ, ծանր պայմաններում: Պետք է հիշել, որ մենք շատ ավելի ծանր պահեր ենք ապրել, մեր ժողովուրդը տարել է ծայրաստիճան ծանր բաներ: Սա շատ դժվար բան է, բայց պետք է ժողովրդին ոտքի կանգնեցնել»,- ասաց Վարդան Պետրոսյանը: