«Հաղթանակի օրը». Ժորա Հովհաննիսյանը` նոր երգի, Էվա Խաչատրյանի հետ համագործակցության ու երկրից հեռանալու հնարավորության մասին

Պատերազմի օրերին տեղի ունեցավ Կամերային թատրոնի դերասան Ժորա Հվհաննիսյանի «Հաղթանակի օրը» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան: Showbiz.am կայքի հետ զրույցում արտիստը պատմում է, թե ինչպես առաջացավ երգի ու տեսահոլովակի մտահղացումը, ինչպես ստացվեց դերասանուհի Էվա Խաչատրյանի հետ համագործակցությունն ու ինչպիսի ելք է նա տեսնում մշակութային գործիչների համար առաջացած դժվար իրավիճակից դուրս գալու համար:

«Ճիշտն ասած երգը տարիներ առաջ եմ գրել` բանակում ծառայելու ժամանակ, ընկերներիս օգնությամբ: Անընդհատ իմ ականջներին էր վերջերս այդ երգը: Հետո մեր ռեժիսոր ընկերոջը` Եղիշե Սողոմոնյանին, պատերազմի սկզբնական շրջանում` խոսակցության ժամանակ, պատմեցի ու երգեցի այդ երգը, ու նա հավանեց, ասաց, որ շատ է ուզում նկարել տեսահոլովակ այդ ստեղծագործության հիման վրա, որովհետև այն հերոսական երգ է ու դուխ կտա մեր զինվորներին: Այդ վատ վիճակում հենց Եղիշեն ինձ դուխ տվեց, ասաց, որ լավն է ստեղծագործությունը: Նրա ներդրումն այս գործում շատ-շատ մեծ է, ու ես իմ խորհին շնորհակալությունն եմ հայտնում Եղիշեին՝ ինձ վտահելու և ինձ հետ համագործակցելու համար»,- պատմում  Ժորան և հավելում․«Իհարկե, երբ նկարում էինք տեսահոլովակը, պատերազմը դեռ ընթացքի մեջ էր, ու չգիտեինք` ինչ լուծում կստանա այն, չնայած ոչ ոք չէր սպասում նման լուծման ու անկախ ամեն ինչից ոչ ոք չէր ցանկանում ավարտը վատ պատկերացնել, և մենք մտածեցինք, որ այս երգը մեր անցած ու գալիք հաղթանակների մասին է ու նաև իրենց կյանքը զոհաբերած տղաների համար է, որոնց անունը ոսկի տառերով գրվեց մեր պատմության մեջ:
Երբ տեսահոլովակը պատրաստ էր, հենց նույն օրը իմացանք, որ պատերազմը նման անհասկանալի լուծումով է ավարտվել: Ու փաստի առաջ կանգնեցինք, սակայն հասկացանք, որ հաղթանակած են թեայն տղաները, ովքեր վերադարձան իրենց սիրած աղջիկների, մայրերի ու քույրերի մոտ, թեայն տղաները, ովքեր նահատակվեցին հանուն ճշմարիտ գաղափարի ու պայքարեցին: Սրտներս կախ, բայց ստեղծագործությունը հրապարակեցինք, ու եթե կա մի քաջ տղա, ով դեռ չի փառաբանվել, նվիրեցինք այն հենց նրան»:

Ժորան պատմելով իր և Էվա Խաչատրյանի համագործակցության ու նկարահանումների մասին` ասում է. «Էվա Խաչատրյանի հետ շատ լավ ընկերական հարաբերություններ ունենք, նա ոչ միայն իմ գործընկերն է, այլ նաև մտերիմ ընկերը: Ինքն էլ հավանեց ստեղծագործությունը և ընդունեց  իմ առաջարկը
Նկարահանումները շատ հետաքրքիր ու բուռն անցան, հիշեցնեմ, որ այդ ժամանակ պատերազմը դեռ ընթացքի մեջ էր, ու շատ լավ էինք տրամադրված` մարտական:
Ամենահիշարժանն այն էր, որ նկարահանման ժամանակ, որը անցնում էր սարի գլխին, խայտառակ ցուրտ էր: Եթե առավոտյան ցրտին մի կերպ դիմանում էինք, երեկոյան արդեն պայքարում էինք ցրտի դեմ»:

Արտիստը նաև անդրադարձավ այն թեմային, թե ինչպիսի վիճակում է այժմ գտնվում կորոնավիրուսի ու կարանտինի հետևանքով. «Ֆինանսական խնդիրներ ինձ մոտ առաջացել են կորոնավիրուսի ու կարանտինի սկսման առաջին օրից մինչ այսօր, որովհետև շոուբիզնեսյան ոլորտի վրա շատ ուժեղ ազդեց այն: Մինչ այդ արտիստները երգում էին դրական երգեր, վարում էին ուրախ հանդիսություններ ու հանապազօրյա հացն էին վաստակում: Բայց պանդեմիան, որը աղետ էր, ինչին հաջորդեց մեր պատերազմը, ազգին այնպիսի սգի մեջ դրեց, որ ստեղծագործող մարդն այլևս չգիտի ինչի մասին ստեղծագործի:

Որևէ ելք, անկեղծ ասած, դեռ  չկա, ցավոք ասեմ այն ելքը, որը մտքովս անցնում է. այս վիճակը կարող է կա՛մ տանել այլ բնագավառ, կա՛մ ստիպել երկրից գնալ: Չեմ ասում, որ ես հայրենասեր չեմ, բայց եթե մի տեղ չես կարողանում ապրել, պետք մի կերպ փորձել հանապազօրյա հացը վաստակել: Ես տարբեր աշխատանքներ եմ նայում` մտածելով` կարող եմ անել, թե չէ, ու տարբերակներից մեկը նաև երկրից գնալն է: Վերջիվերջո պետք է նաև ծնողներիս ապահովեմ նրանց միակ զավակն եմ»:

Արտիստն իր խոսքը եզրափակեց` պատմելով ապագա ծրագրերից:

«Սա իմ առաջին տեսահոլովակն է, իրականում երգեր ունեմ գրած: Նոր տեսահոլովակներ անպայման կլինեն, որովհետև մի շարք հետաքրքիր մտահղացումներ ունեմ, սակայն կլինեն, թե չէ՝ դա կախված է մեր երկրի, ազգի հանգստությունից:
Անկախ նրանից այստեղ կլինեմ թե չէ, միևնույն է կերգեմ, միևնույն է մեր ազգին ու մեր հերոսներին կփառաբանեմ, սիրուն արժեքներ ունի մեր ազգը, կերգեմ դրանց մասին նորովի:
Միանշանակ կլինեն տեսահոլովակներ, բայց առաջնայինն այս վիճակից դուրս գալ է պետք, եթե հիմա է այսքան վատ, ապա 10 օր հետո ավելի վատ է լինելու, Աստծո մատն է պետք խառնվի, որ կարողանանք  շարունակել ապրել»,- պատմում է նա:

 

Հեղինակ` Տաթևեր Լազարյան