Forbes-ը հրապարակել է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցանկը

Ամերիկյան Forbes հանդեսը հրապարակել է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցանկը, որում տեղ գտած կանանց հաջողվել է զգալի ձեռքբերումներ ունենալ համաաշխարհային նշանակության խնդիրների կարգավորման գործում՝ համավարակի հաղթահարումից մինչև քաղաքականություն:

Ցանկը տասներորդ անգամ անընդմեջ գլխավորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Ամսագիրն ընդգծում է Մերկելի «պողպատե դիմացկունությունը», ինչպես նաև սիրիացի փախստականներին Գերմանիայում ընդունելու նրա նախաձեռնությունը:

Հաջորդիվ հեղինակավոր ամսագիրն առանձնացրել է Եվրոպական կենտրոնոկան բանկի ղեկավար Քրիստին Լագարդին, ԱՄՆ նորընտիր և առաջին կին փոխնախագահ Քամալա Հարիսին, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին, Microsoft հիմնադիր Բիլ Գեյթսի կնոջը՝ Մելինդա Գեյթսին:

Առաջին տասնյակում ընդգրկվել են նաև General Motors մեքենաշինական հսկայի գործադիր տնօրեն Մերի Բարրը, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, իսպանական Santander բանկի տնօրենների խորհրդի նախագահ Անա Բոտինը, ամերիկյան Fidelity Investments ֆինանասական կազմակերպության ղեկավար Աբիգեյլ Ջոնսոնը և ամերիկյան Anthem ընկերության ղեկավար Գեյլ Բոդրոն:

Նշվում է, որ վարկանշային ցանկում այս տարի 17 նորեկներ կան:

Ցանկում ընդգրկվել են նաև Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը, դերասանուհի Ռիզ Ուիզերսպունը, երգչուհիներ Ռիհաննան և Թեյլոր Սվիֆթը, հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, Շոտլանդիայի ղեկավար Նիկոլա Ստերջենը, Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը: