«Իմ փոխարեն նույնիսկ որոշում եք՝ մի բուռ արձակուրդս ոնց անցկացնեմ». Իննա Խոջամիրյանը ԱՄՆ մեկնելու համար քննադատվելու մասին

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը, ով օրերս մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ինստագրամի իր էջի Stories բաժնում տեղադրել է օգտատերերից մեկի` իրեն ուղղված մեղադրանքը Հայաստանը լքելու համար և պատասխան հրապարակել։

«Սա այն պա՞հն էր, որ պետք է հայրենիքդ մենակ թողնեիր: Լացախառը սթորիներդ հայրենիքի մասին շատ իսկական էին: Մարդիկ գալիս են Լոս Անջելեսից, որ Հայաստանի կողքին լինեն, իսկ դու փախչում: Ինչևէ, բարի հանգիստ, լավ ժամանակ եմ մաղթում»,- գրել էր օգտատերը, ինչին ի պատասխան՝ Իննան գրել է. «Հայաստանի հետ լինելը Հայաստանի մեջ լինելով չի որոշվում, այդպես էլ չհասկացաք, էլի: Հայրենիքի մասին իմ ամեն արածն ու ասածն իսկական էր և իսկական կմնա: Ինչ կարող էի, արեցի: Շնորհակալ եմ, որ իմ փոխարեն նույնիսկ որոշում եք՝ մի բուռ արձակուրդս ոնց անցկացնեմ: Իսկ տաք տեղից խոսելն այնքան հեշտ է, էլ դու սուս»:

Ավելի վաղ Իննան նշել էր, որ շատերն են հետաքրքրվում՝ ի՞նչ է անում Ամերիկայի Միացյալ Նահագներում, ի՞նչ նպատակով է գնացել, վերդառնալո՞ւ է, թե՞ մնալու է այնտեղ: Նա ընդգծել էր, որ բոլոր հարցերն իրենց պատասխանները կստանան ժամանակին: